Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի ԲՏԱ նախարարությունը ոչ թե ինքնակոչ նախարարություն պիտի լինի, այլ պետք է համահունչ լինի արտաքին ու ներքին մարտահրավերներին․ Գագիկ Մակարյան

Հայաստանի ԲՏԱ նախարարությունը ոչ թե ինքնակոչ նախարարություն պիտի լինի, այլ պետք է համահունչ լինի արտաքին ու ներքին մարտահրավերներին․ Գագիկ Մակարյան
Տնտեսություն
15:03, 28 декабрь 2023
«Բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունները տարբեր տարածաշրջաններում ու աշխարհի երկրներում զարգացել են վերջին տարիների ընթացքում, և երկրներ կան, որոնք հենց այդպես էլ կոչում են իրենց ուղղությունը՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն, երկրներ էլ կան, որ ինովացիաների ոլորտում են իրենց ներկայացնում։ Բայց երբ որ ուսումնասիրում ես միջազգային փորձը, պարզ է դառնում, որ այդպիսի կառույցների, այդպիսի ուղղությունների զարգացումը կապված է աշխարհում տիրող մարտահրավերների հաղթահարման ցանկության և նաև ներքին մարտահրավերները հաղթահարելու հետ։ Այսինքն՝ Հայաստանի ԲՏԱ նախարարությունը ոչ թե ինքնակոչ նախարարություն պիտի լինի, այլ բնականաբար պետք է համահունչ լինի արտաքին ու ներքին մարտահրավերներին»,- այս մասին այսօր ՄԱՀՀԻ տարեվերջյան 12-րդ անվտանգության ֆորումին, որը նվիրված էր բարձր տեխնոլոգիական արդյունաբերությանը, իր ելույթում ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։

Նա նշեց, որ Հայաստանի ներքին մարտահրավերները թելադրում են նաև, թե որոնք են լինելու այն գերակայությունները, որոնց ԲՏԱ-ն պետք է ուշադրություն դարձնի, և մասնավորապես նշեց առողջապահության ոլորտը, որովհետև մենք առողջապահության ոլորտում չունենք կանխարգելման լուրջ համակարգ: Ցանկալի կլինի ստեղծել այնպիսի բազաներ, որ տարբեր հիվանդանոցներում կամ առողջապահական կետերում առկա հիվանդի պատմությունները մեկ պատուհանի սկզբունքով լինեն հասանելի, ունենան նաև գենետիկ կապով կանխարգելիչ նշանակություն և արհեստական բանականության միջոցով կարողանան բժշկին օգնել կատարելու որոշակի կանխատեսումներ ու հաշվարկներ, և դրա հիման վրա պետությունը կառուցի իր առողջապահության ռազմավարությունը։

«Երկրորդ կարևոր ուղղությունը արդյունաբերությունն է, բնականաբար։ ԲՏԱ-ն պետք է լինի ոչ թե կցորդ, այլ պետք է լինի առաջնորդող դերակատարություն ունեցող, որովհետև առաջավոր տեխնոլոգիաների զարգացումը բոլոր ճյուղերի համար շատ կարևոր է։ Ցավոք սրտի, Հայաստանում մենք առանձնապես կենտրոնացած չենք մյուս ճյուղերի վրա, մենք կարող ենք ասել, որ հիմնականում ՏՏ ոլորտի վրա ենք կանգ առել որոշակիորեն վերջին շրջանում՝ թվայնացում և տիեզերական ոլորտ»,- ասաց Գագիկ Մակարյանը։