Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եթե տնտեսական աճի արտաքին գործոններով պայմանավորված ժամանակավոր էֆֆեկտը հիմա ճիշտ չօգտագործենք, վաղը կարող ենք փաստի առաջ կանգնել․ Բաբկեն Թունյան

Եթե տնտեսական աճի արտաքին գործոններով պայմանավորված ժամանակավոր էֆֆեկտը հիմա ճիշտ չօգտագործենք, վաղը կարող ենք փաստի առաջ կանգնել․ Բաբկեն Թունյան
Տնտեսություն
14:49, 28 декабрь 2023
«Նոյեմբեր ամսվա տվյալներով՝ մեր տնտեսական աճի արագացումը հիմնականում պայմանավորված էր հենց արդյունաբերությամբ, ընդ որում, ոչ թե հանքահումքային, այլ կոնկրետ վերամշակող արդյունաբերության աճով՝ մասնավորապես ոսկերչակական արտադրանքի, որը կարող է առաջին հայացքից թվալ, թե բարձր տեխնոլոգիաների հետ կապ չունի, բայց ուղղակիորեն կապ ունի, որովհետև վերջին շրջանում այդ ոլորտում բավականին ներդրումներ են արվել»,- այս մասին այսօր ՄԱՀՀԻ տարեվերջյան 12-րդ անվտանգության ֆորումում, որը նվիրված էր բարձր տեխնոլոգիական արդյունաբերությանը, իր ելույթում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։

Այնուհետև նա հավելեց, թե պետք է հանուն արդարության նշել, որ տնտեսական աճի բավականին բարձր տեմպը, որը վերջին մեկ-երկու տարիների ընթացքում մենք ունենք, ոչ քիչ մասով պայմանավորված է արտաքին գործոններով, այսինքն՝ ռուս-ուկրաինական պատերազմով, վերաարտահանման որոշակի հնարավորություններով, ինչը մեզ համար լրացուցիչ հնարավորություն է, բայց նաև մարտահրավեր է, որովհետև, եթե մենք ժամանակավոր էֆֆեկտը հիմա ճիշտ չօգտագործենք, վաղը կարող ենք փաստի առաջ կանգնել։

Պատգամավորի խոսքով՝ դրա համար կառավարության ջանքերն ուղղված են այսօր գեներացվող եկամուտները երկարաժամկետ աճի վերածելուն և կապիտալ ծախսերի գիտության ֆինանսավորման ու այլ ուղղություններով բավականին մեծ աշխատանքներ են կատարվում։  

«Ինչ վերաբերում է բարձր տեխնոլոգիական արդյունաբերությանը, սա ընդամենը տնտեսության մի ճյուղ է, որն իրոք կարևորություն ունի։ Հենց այն փաստը, որ հեղափոխությունից հետո Հայաստանում ստեղծվեց առանձին նախարարություն՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, վկայում է նրա մասին, որ կառավարությունը կարևորում է այդ ուղղությունը, որովհետև դա միայն ինչ-որ առանձին ոլորտ չի, բարձր տեխնոլոգիաները վերաբերում են տնտեսության բոլոր ճյուղերին, ամենապարզ բիզնեսից մինչև ամենաբարդը իրենք  իրենց մեջ պետք է տեխնոլոգիաներ կիրառեն, ու այստեղ մենք այընտրանք չունենք, որովհետև աշխարհը զարգանում է ու մենք եթե մի քիչ դանդաղ գտնվենք, հաստատ հետ կմնանք։ Մանավանդ 2020 թվականի իրադարձությունները վերահաստատեցին, որ այս ոլորտում մենք մեր ջանքերը պետք է բազմապատկենք, որովհետև այսօր եթե ուզում ենք խաղաղություն պետք է պատրաստ լինենք պատերազմի, իսկ եթե պատերազմի պատրաստ լինենք պետք է ունենաք հզոր տեխնոլոգիաներով արդիականացված պաշտպանական համակարգեր ու այդ ուղղությամբ նունպես զգալի աշխատանք տարվում է»,-ասաց պատգամավորը։

Ի հավելումն նա նշեց, որ Հայաստանում երբեմն թյուրընկալում կա բարձր տեխնոլոգիաների և տեղեկատվական տեխնոլոգիաների առումով։ Եվ հիշեցրեց, որ մի քանի օր առաջ ԱԺ-ում ընդունեցին օրենքի նախագիծ, որով ևս մեկ տարով երկարացրեցին ՏՏ-ին վերաբերող աջակցությունը, բայց նախատեսել են, որ մինչև հաջորդ տարվա կեսերը մենք կունենանք նոր օրենք, որը կկարգավորի այս դաշտը: