Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հույս ունենք, որ Ալեն Սիմոնյանի այցը Թուրքիա կնպաստի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ չնայած մեր առջև ծառացած բոլոր մարտահրավերներին. Բաբկեն Թունյան

Մայիսի 4-5-ին Անկարայում տեղի է ունեցել Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստը, որին մասնակցել է նաև ՀՀ ԱԺ պատվիրակությունը։ ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում էին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանը, Գևորգ Պապոյանը, Սերգեյ Բագրատյանը և «Հայաստան» դաշինքից Գեղամ Մանուկյանը։

Այսօր այդ այցի վերաբերյալ ԱԺ-ում ճեպազրույց են տվել Գևորգ Պապոյանն ու Բաբկեն Թունյանը:

«Նիստի ընթացքում պարոն Թունյանն ընտրվել է կազմակերպության ղեկավարի տեղակալի պաշտոնում, ինչը շատ կարևոր է, որովհետև տեղակալները նաև բյուրոյի անդամներ են, իսկ այնտեղ կարևոր որոշումներ են կայացվում։ Եվ ըստ էության մենք այդ որոշումների վրա այսուհետ կարող ենք ունենալ որոշակի ազդեցություն։ Ճիշտ է՝ այն տնտեսական բնույթի կազմակերպություն է, բայց գիտեք՝ տարբեր երկրների միջև կան կոնֆլիկտներ այնտեղ, և ցավոք սրտի, տնտեսական օրակարգը երկրորդ պլան էր մղված. երկրներն ավելի շատ իրար մեջ քաղաքական հարցեր են քննարկում»,- ասաց Գևորգ Պապոյանը։

Իսկ Բաբկեն Թունյանը հավելեց, որ նիստը նաև հատկանշական էր նրանով, որ նշվում էր կազմակերպության հիմնադրման 30-ամյակը, և նաև այս նիստին մասնակցում էր ՀՀ ԱԺ նախագահը՝ խոսնակների ֆորումին։ 

«Ալեն Սիմոնյանի այցը Թուրքիա ինքն իրենով բավականին կարևոր փաստ է, և հույս ունենք, որ կնպաստի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, չնայած այն բոլոր բարդ խնդիրներին, մարտահրավերներին, որոնք մեր առջև ծառացած են»,- ասաց Բաբկեն Թունյանը։

Մանրամասները՝ տեսանյութում