Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կառավարությունը նախաձեռնել է գնումների մասին նոր օրենքի մշակման գործընթաց

Կառավարությունը նախաձեռնել է գնումների մասին նոր օրենքի մշակման գործընթաց
Տնտեսություն
17:30, 01 февраль 2024
Կառավարության այսօրվա նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է գնումների կազմակերպման գործընթացին և նշել, որ գնումների մասին օրենսդրության լավարկումների մասին շատ է խոսվում, բայց լավարկումն այդքան էլ տեսանելի չէ: Վարչապետն առաջարկել է գնումների մասին լավարկման ինստիտուցիոնալ մեխանիզմ ստեղծել, որը կգործի անկախ հանձնարարականներից:

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ 2024-ի սկզբից նախաձեռնվել է գնումների մասին նոր օրենքի պատրաստման գործընթաց, և վերջերս նախարարությունը նամակ է ուղարկել բոլոր շահագրգիռ նախարարություններին՝ խնդրելով ներկայացնել իրենց դիտարկումները: «Առաջիկայում մենք լայն խորհրդակցությունների շրջանակ կսկսենք ինչպես պետական մարմինների, այնպես էլ ՀԿ-ների և տնտեսվարողների հետ, որպեսզի նախանշենք այն բոլոր փոփոխությունները, որոնք ուզում ենք իրականացնել նոր օրենքով: Ուզում եմ ընդգծել, որ մենք խոսում ենք նոր օրենքի մասին, ոչ թե օրենքում փոփոխություններ կատարելու մասին, որովհետև կարծում ենք՝ այն իրականությունը, որում մենք գտնվում ենք, և այն իրականությունը, որում գրվել է այդ օրենքը, արդեն բավականին բան է փոխվել»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ իրականացվելու են ֆունդամենտալ քայլեր, որոնց մասին պարբերաբար կզեկուցվի վարչապետին:

Թեմայի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ նույն խնդիրը գոյություն ունի նաև հանրային ծառայությունների ոլորտում, որը նույնպես ուշադրության կենտրոնում պետք է լինի. «Գնումների ընթացակարգը միշտ չէ, որ համապատասխանում է ժամանակակից գործելակարգերին և ժամանակակից բիզնես հարաբերություններին: Սա շատ կարևոր է: Երկրորդն էլ՝ մենք երբեմն քիչ ՕԳԳ ունեցող գործողություններ ենք անում և համակարգը լրացուցիչ նաև լարում ենք»: