Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեր արձագանքը մնաց անպատասխան. Ինչ սկզբունքով է Սյունիքում 6.2 մլրդ-ը բաշխվել երեք ընկերությունների միջև. Վահե Հակոբյանը՝ Ավագ Ավանեսյանին

Մեր արձագանքը մնաց անպատասխան. Ինչ սկզբունքով է Սյունիքում 6.2 մլրդ-ը բաշխվել երեք ընկերությունների միջև. Վահե Հակոբյանը՝ Ավագ Ավանեսյանին
Քաղաքականություն
12:51, 20 октябрь 2021
Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում հրավիրվել է հերթական նիստ: Այժմ քննարկվում է «Գնումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:

Պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի անդամ Բաբկեն Թունյանի հարցին՝ կապված մեկ անձից իրականացվող գնումների հետ, ֆինանսների փոխնախարար Ավագ Ավանեսյանը նկատեց, որ մեկ անձից իրականացվող գնումները կազմում են ընդհանուր գնումների մոտ 45 տոկոսը, որից 90 տոկոսը առողջապահությունն է, 5-7 տոկոսը՝ հանրային ծառայությունները, և 3 տոկոսն է միայն, որ մեկ անձն է ուղղակիորեն իրականացնում:

Արձագանքելով՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանը նշեց, որ իրենք շարունակելու են բարձրաձայնել մեկ աղբյուրից կատարվող գնումների մասին, և հավելեց. «Հերթական մեր արձագանքը մնաց անպատասխան:

Մասնավորապես, Սյունիքում ամիսներ առաջ 6.2 մլրդ-ի բաշխումը շինարարական և ճանապարհաշինական 3 ընկերությունների միջև, մեզ համար պարզ չէ, թե ինչ սկզբունքով էր դա կատարվել: Սյունիքում կան բազմաթիվ ընկերություններ, որոնք կարող են նույն աշխատանքները կատարել»: