Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուղղակիորեն մեկ անձից իրականացվող գնումների ծավալները կազմում են 3 տոկոս. Ավագ Ավանեսյան

Ուղղակիորեն մեկ անձից իրականացվող գնումների ծավալները կազմում են 3 տոկոս. Ավագ Ավանեսյան
Հասարակություն
12:38, 20 октябрь 2021
Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում հրավիրվել է հերթական նիստ: Այժմ քննարկվում է «Գնումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:

«Վերջին շրջանում հաճախ հնչում են քննադատություններ՝ կապված մեկ անձից կատարվող գնումների հետ, ու ծավալներից ելնելով՝ ներկայիս իշխանությանը մեղադրում են կոռուպցիայի մեջ»,- դիմելով օրենքի նախագիծը ներկայացնող ֆինանսների փոխնախարար Ավագ Ավանեսյանին՝ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի անդամ Բաբկեն Թունյանը:

Պատգամավորը փոխնախարարին խնդրեց ներկայացնել մեկ անձից կատարվող գնումները և դրանց ծավալը:

«Մեր քաղաքականությունը ուղղված է նրան, որ մենք հնարավորինս նվազեցնենք մեկ անձից կատարված գնումները ընդհանուր գնումների ծավալի մեջ, սակայն կան կետեր, որտեղ ակնհայտ է, որ մեկ անձից պետք է իրականացվի, օրինակ՝ հանրային ծառայությունները, այսինքն՝ էլեկտրաէներգիայի, գազի ձեռք բերումը: Մեկ անձից կատարվող գնումների մեծ մասն իրականացնում է առողջապահության համակարգը, ինչը կապված չէ քովիդի հետ, այլ պատմականորեն է գալիս: Մենք արդեն չորս ծառայության տեսակ կարողացել ենք փոփոխել, և ստացվել է, որ մենք ոչ թե փողը կցում ենք հիվանդանոցին և մարդուն ասում ենք՝ գնա այս հիվանդանոցից ծառայությունը ստացիր, այլ փողը «տալիս» ենք մարդուն և ասում՝ որ հիվանդանոց գնաս, այդ հիվանդանոցն էլ վճարը կստանա»,- ի պատասխան ասաց ֆինանսների փոխնախարար Ավագ Ավանեսյանը:

Փոխնախարարի խոսքով՝ մեկ անձից գնումները քովիդային ժամանակաշրջանում աճել են. «Բայց մենք ձգտում ենք ապագայում այնպիսի համակարգեր կառուցել, որը հնարավորինս մրցակցային դաշտ կստեղծի, նույնիսկ եթե պետք է իրականացվի հրատապ գնում:

Ինչպես նկատեց Ավագ Ավանեսյանը, մեկ անձից գնումները կազմում են ընդհանուր գնումների մոտ 45 տոկոսը, որից 90 տոկոսը առողջապահությունն է, 5-7 տոկոսը՝ հանրային ծառայությունները, և 3 տոկոսն է, որ մեկ անձն է ուղղակիորեն իրականացնում. «Այսինքն՝ իրականում մեկ անձից գնումների ծավալներն այդքան էլ մեծ չեն»: