Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պետությունը պետք է հասներ նրան, որ անցումային արդարադատության շրջանակում ամբողջ գույքը հետ վերցներ ապօրինի սեփականատերերից, ազգայնացներ. տնտեսագետը՝ ԶՊՄԿ գործարքի մասին

Պետությունը պետք է հասներ նրան, որ անցումային արդարադատության շրջանակում ամբողջ գույքը հետ վերցներ ապօրինի սեփականատերերից, ազգայնացներ. տնտեսագետը՝ ԶՊՄԿ գործարքի մասին
Տնտեսություն
18:18, 04 октябрь 2021
Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր ասուլիսի ժամանակ անդրադառնալով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի մի մասը ՀՀ կառավարությանը նվիրաբերելուն՝ նշել է, որ այդ կոմբինատը միշտ իր անվան հետ են կապել, սակայն ինքը երբևէ որևէ կապ չի ունեցել դրա հետ։ 

«Սա ուղղակի փայ մտնել է Հայաստանի ամենախոշոր, ամենից գրավիչ ակտիվի կառավարման մեջ։ Սա կոռուպցիայի առումով բարձրագույն պիլոտաժ է»,– ասաց նա` շեշտելով, որ նման դեպքում կոմբինատի բաժնետոմսերը պետք է փոխանցվեին ոչ թե վարչապետի աշխատակազմին, այլ ֆինանսների կամ էկոնոմիկայի նախարարությանը։

Civic.am-ի հետ զրույցում տնտեսագետ Մովսես Արիստակեսյանը նշեց, որ RbK.ru ռուսական լրատվական կայքում դեռևս տարիներ առաջ հրապարակվել էր հոդված, ըստ որի՝ ԶՊՄԿ-ի բաժնեմասերից որոշ տոկոս պատկանում է Ռոբերտ Քոչարյանին։ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին՝ մասնավորապես 2004թ., որոշում կայացվեց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության պետական սեփականություն հանդիսացող  բաժնետոմսերը (որոնք կազմում են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կանոնադրական կապիտալի 100 տոկոս բաժնետոմսերը) մասնավորեցնել «Քրոնիմետ Մայնինգ» ՍՊ (Գերմանիա), «Մաքուր երկաթի գործարան» ԲԲ, «Արմենիան Մոլիբդենիում Փրոդակշն» ՍՊ, «Զանգեզուր Մայնինգ» ՍՊ ընկերություններին։  

Ըստ որոշման՝ ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի 60 տոկոսը բաժին հասավ «Քրոնիմետ Մայնինգ» ՍՊԸ-ին, «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ին՝ 15 տոկոսը, «Արմենիան Մոլիբդենիում Փրոդակշն» ՍՊԸ-ին՝ 12,5 տոկոսը,  «Զանգեզուր Մայնինգ» ՍՊԸ-ին՝ 12,5 տոկոսը։ Պայմանագրի գինը սահմանվել էր 132 մլն ԱՄՆ դոլար։ 

Մինչդեռ ԶՊՄԿ-ն 2005թ. ունեցել է 190մլն դոլար հասույթ, որից, ըստ փորձագետների, արտադրական ծախսերը, հարկերն ու պարտադիր վճարները (66մլն դոլար) միասին կարող են կազմել առավելագույնը 90մլն դոլար: Այսպիսով, ԶՊՄԿ-ի սեփականաշնորհումը 132 միլիոն դոլարով, որն, ի դեպ, վճարվել է կոմբինատի ընթացիկ շահույթներից, մամուլում բնորոշվել էր մեկ բառով` հանցագործություն:

Տնտեսագետը, անդրադառնալով ԶՊՄԿ բաժնետոմսերի մի մասը կառավարությանը նվիրաբերելուն, նախ հիշատակեց 2000-ականներին իրականացված «Գույք՝ պարտքի դիմաց» գործարքը, որը ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը համարել է հաջողված գործարք։ Տնտեսագետն ընդգծեց, որ «Գույք՝ պարտքի դիմաց» գործարքն իրականացվել է ընդամենը 98 մլն դոլար պարտքի դիմաց. «Կարևորագույն ռազմավարական օբյեկտներ սեփականաշնորհվեցին Ռուսաստանին, ստեղծվեց «Սիստեմա» կորպորացիան, և այդ կորպորացիայի տնօրենների խորհրդի անդամ նշանակվեց Ռոբերտ Քոչարյանը։ Հայաստանի կարևորագույն ռազմավարական օբյեկտների սեփականաշնորհումը սկսվել էր 1993թ.-ից, և ՀՀ երկրորդ նախագահը ապահովեց դրա շարունակությունը, այդ թվում՝ մասնավորեցվեց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»»։ 

2004թ.-ից ի վեր ԶՊՄԿ-ի բաժնետերերի ու բաժնետոմսերի փոփոխություններ են եղել։ Գլխավոր փոփոխությունը կատարվեց 2020թ.-ին, երբ ԶՊՄԿ-ն հետգնում իրականացրեց  «Քրոնիմետ Մայնինգ» ՍՊԸ-ին պատկանող 60 տոկոս բաժնեմասը։ Իսկ օրերս՝ հոկտեմբերի 1-ին, այդ բաժնեմասն անցավ ռուսական «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությանը, որն էլ իր ձեռք բերած բաժնետոմսերի 25 տոկոսը նվիրաբերեց ՀՀ կառավարությանը։ Կառավարությանը նվիրաբերած 25 տոկոս բաժնետոմսերը կազմում են ամբողջ կոմբինատի բաժնետոմսերի 15 տոկոսը։ Այս մասին ուրախությամբ հայտարարեց ՀՀ կառավարությունը։  Մինչդեռ տնտեսագետ Մովսես Արիստակեսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ուրախալի լուրն այն էր, որ 2018թ. հեղափոխության ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ անցումային արդարադատության շրջանակներում պետք է պարզաբանվի, թե ում ինչ է սեփականաշնորհվել, և մինչև վերջին կոպեկը պետք է վերադարձվի բյուջե: «Բայց, ցավոք, պարոն Փաշինյանը գնաց այն ճանապարհով, որ ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի 15 տոկոսն ընդունեց որպես նվիրատվություն։ Չգիտենք, թե ինչու է նվեր ընդունել ընդամենը այդ 15 տոկոսը»,- հավելեց նա։

Տնտեսագետի տեսանկյունով՝ ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի 15 տոկոսը պետական սեփականություն է, և պետք է կառավարի Պետական գույքի կառավարման կոմիտեն. «Բայց նույնիսկ այս պարագայում ինձ համար անհասկանալի է, թե ինչ քաղաքական որոշումների համաձայն է այս նվիրատվությունը և ինչ է լինելու վերջում։ Ես ընդհանրապես կողմնակից եմ, որ շատ ռազմավարական օբյեկտներում պետությունը մասնակից լինի, ընդ որում՝ որոշիչ փաթեթը պետք է լինի իր ձեռքի տակ։ Այլ հարց է, թե պետական կառավարման համակարգում ունե՞նք արդյոք համապատասխան մասնագետներ, թե՞ ոչ, բայց պետական կառավարման համակարգից դուրս ունենք փայլուն մասնագետներ, որոնց ներուժը չի օգտագործվում»։  

Տնտեսագետը կարծում է, որ պետությունը պետք է հասներ նրան, որ անցումային արդարադատության շրջանակներում ամբողջ գույքը հետ վերցներ ապօրինի սեփականատերերից, ազգայնացներ և ըստ այդմ որոշեր ԶՊՄԿ-ի սեփականաշնորհման իրավունքը։

Հիշեցնենք, որ դեռևս արտահերթ ընտրությունների շեմին Նիկոլ Փաշինյանը Կապանում հանրահավաքի ժամանակ խոստացավ, որ տեղական օլիգարխները, որոնք փայ ունեն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, այդ բոլոր փայերն անցնելու են ժողովրդին ու կառավարությանը։ 

Նշենք, որ ըստ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի հայտարարագրի՝ բացի Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունից, սեփականատերեր են հանդիսանում 8 անձ՝ Գերմանիայի քաղաքացի Թոմաս Պետեր Հայլը, ով դարձել է ընկերության 12.5 տոկոսի բաժնետեր 2020 թ.-ի մարտի 27-ից, ՌԴ քաղաքացի Միխայիլ Զուրաբովը, ով դարձել է ընկերության 12.5 տոկոսի սեփականատեր 2020 թ.-ի փետրվարի 3-ից, ՌԴ քաղաքացի, ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովը, ով ընկերության 7.5 տոկոսի բաժնետեր է դարձել 2018 թ.-ի հունիսի 20-ից, ՀՀ քաղաքացի Նարեկ Ամբարյանը՝ 2.5 տոկոսի բաժնետեր է 2018 թ.-ի հունիսի 20-ից, ՀՀ քաղաքացի Կարեն Հակոբյանը 2.5 տոկոսի բաժնետեր է 2018 թ.-ի հունիսի 20-ից, ՀՀ քաղաքացի Վահե Հակոբյանը, Գերմանիայի քաղաքացիներ Պարագ Յոհաննես Բհատը և Մորից Ջիոնաթան Հիերոնիմուս Հիլլը: Այս սեփականատերերի բաժնեմասերի վերաբերյալ տվյալներ չկան, նշված է, որ նրանք հանդիսանում են ընկերության խորհրդի անդամներ: