Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Առաջարկել եմ պտուղներից կամ հատապտուղներից պատրաստված օղու ակցիզային հարկի դրույքաչափերը հավասարեցնել սովորական օղու դրույքաչափերին. Բաբկեն Թունյան

Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։

Կարգավորման առարկան ՀՀ-ում կիրառվող ակցիզային հարկի դրույքաչափերի վերանայումն է։

Քննարկման ժամանակ իր ելույթում հանձնաժողովի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Բաբկեն Թունյանն ասաց, որ օրենսդրական նախաձեռնությամբ, որով կառավարությունը հանդես է եկել, ունենք սպիրտային խմիչքների համար նախատեսված ակցիզային հարկեր, որոնք տարեցտարի էլի պիտի բարձրանան, բայց 2019 թվականին Հարկային օրենսգրքի փոփոխություններով՝ մրգային օղիների համար դրեցինք տարբերակված դրույքաչափ։ 

«Այսինքն՝ ստացվեց այնպես, որ մրգային օղիների ակցիզային դրույքաչափը մի քանի անգամ ավելի պակաս է, քան սովորական օղիներինը։ Դա արվեց այն հիմնավորմամբ, որպեսզի Հայաստանում սրանով նաև գյուղատնտեսության զարգացմանը նպաստենք։ Բայց մենք հիմա ստանում ենք բազմաթիվ ահազանգեր, որ շատ տնտեսվարողներ, որոնք զբաղվում են օղու արտադրությամբ, իրենց օղու վրա ուղղակի կարող են փակցնել, որ դա մրգային է, կամ ինչ-որ արամատիզատոր խառնել ու իրականում էդ օղին վաճառել 3-4 անգամ ավելի ցածր դրույքաչափով»,- ասաց Բաբկեն Թունյանը։

Նա տեղեկացրեց, որ մինչև հանձնաժողովի նիստը՝ հարցումներ է ուղարկել պետական մարմիններին՝ հասկանալու համար, որ եթե իրականում մարդն անունը դրել է մրգօղի, բայց իր վաճառածը մրգօղի չի, ով է դա բացահայտում, քանի բացահայտված դեպք կա և այլն, ու ստացած պատասխաններն իրեն հիմք են տվել ենթադրելու, որ այս ուղղությամբ վերահսկողություն չունեն։

«Իմ ձեռքի տակ կա վիճակագրություն, որ երևա, թե ինչ է տեղի ունեցել, այսինքն՝ Հայաստանում մի քանի անգամ աճել է մրգօղիների արտադրությունը, մի քանի անգամ նվազել է  սովորական օղու արտադրությունը։ Արդյունքում՝ վճարված ակցիզային հարկը նվազել է։ Պարզ է, որ նման բան իրականության մեջ չի կարող տեղի ունենալ։ Մի հանգամանք էլ կա, որ իսկական մրգօղիները իրենք իրենց արժեքով շատ ավելի բարձր պիտի լինեն, քան սովորական օղիները։ Ըստ այդմ՝ ակցիզային հարկը եթե անգամ նույն չափը լինի, տոկոսային առումով իրենց համար հարկային բեռն ավելի թեթև է լինելու։ Դրա համար այս վիճակագրությունը, հարցումներն ու մտահոգությունները հաշվի առնելով՝ ես առաջարկել եմ պտուղներից կամ հատապտուղներից պատրաստված օղու ակցիզային հարկի դրույքաչափերը հավասարեցնել սովորական օղու դրույքաչափերին»,- ասաց Բաբկեն Թունյանը։ 

Մանրամասները՝ տեսանյութում