Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սիգարետի գնի բարձրացումը բերում է նրան, որ մարդիկ սկսում են ավելի շատ փող ծախսել ոչ սիգարետի վրա. Արսեն Թորոսյան

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է  Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։

Նախագծերի փաթեթի կարգավորման առարկան ՀՀ-ում կիրառվող ակցիզային հարկի դրույքաչափերի վերանայումն է։

Նախագծի հիմնական զեկուցողը ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանն է։

Նիստի ժամանակ հանձնաժողովի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Բաբկեն Թունյանը, դիմելով նախագծի հարակից զեկուցող Արսեն Թորոսյանին, ասաց, որ ծխախոտի տարեկան նախատեսվող ակցիզային հարկի ավելացումը սահմանում են 10 տոկոս, այսինքն՝ զսպման տեմպը թուլացնում են, ինչը նշանակում է, որ ակցիզային հարկի բարձրացումը զսպում է ծխախոտի օգտագործումը։
«Հիմա պարոն Պողոսյանը  ներկայացրեց, թե մեր վերջին տարիներին ինչքան ենք  բարձրացրել ակցիզային հարկը։ Կա՞ն հաշվարկներ, թե դրա արդյունքում ծխախոտի օգտագործումը որքանով է զսպվել։ Այսինքն՝ մենք ծխախոտի հարկը զգալիորեն ավելացրել ենք և դրա արդյունքում ավելացրել ենք ծխախոտի վաճառքի գինը, որքանո՞վ է  դա ազդել Հայաստանում ծխողների քանակի վրա։ Չե՞ք գտնում, որ, օրինակ, եթե ծխախոտի գինը 1000 դրամից դառնում է 1200 դրամ, հետո դառնում է 1300 դրամ, դա կարող է չբերել ավելի էժան ծխախոտի, բայց դա կարող է բերել նրան, որ մարդն արդեն ավելի շատ գումար ծախսելու է ծխախոտի վրա ու ավելի քիչ գումար ծախսելու է ուտելիքի կամ այլ ծառայությունների վրա»,- հարցրեց Բաբկեն Թունյանը։ 

Վերջինիս խոսքով՝ ինքը որ եվրոպական երկրում եղել է, չի տեսել ոչ մի տեղ, որ բաց տարածքներում ծխելն արգելվի, և որքանով է  Հայաստանում պահպանվում բաց տարածքներում ծխելու արգելքը, և եթե անգամ դա պահպանվում է, որքանով է նպաստում ընդհանրապես մարդկանց առողջությանը։ 

Ի պատասխան՝ Արսեն Թորոսյանն ասաց, որ մեր ներքին սպառման թվերն ուղղակիորեն չեն արտացոլում ծխողների թիվը, և ծխողների թիվը սովորաբար ընտրանքային հետազոտություններով է պարզվում, և իր ունեցած ոչ այդքան թվային տվյալներով՝ մենք հիմա ունենք անկման միտում մեր վերջին 5 տարիների պրոցեսների արդյունքում։  

«Ակնհայտորեն ապացուցված է, որ գնի բարձրացումը բերում է սպառման իջեցման, ուրիշ բան, որ կոնկրետ երկրի թվերը պետք է կոնկրետ հետազոտությամբ փաստվեն և նաև հաշվի առնվեն այդ իմ ասած և՛ եկամուտների աճը, և՛ այլ ապրանքների ու սպառման զամբյուղի, և՛ նաև մեր իմացած այլ սպառման եղանակները, որի մասին մենք աշխատում ենք չխոսել։ Երկրորդը՝ երբ խոսքը գնում է  ուտելիքի, այսինքն՝ կենսական ապրանքների մասին, հանրային իմաստով դա չի փոխարինվում սիգարետով։ Այսինքն՝ սիգարետի գնի բարձրացումը բերում է նրան, որ մարդիկ սկսում են ավելի շատ փող ծախսել ոչ սիգարետի վրա։ Ու դա միայն սիգարետին չի վերաբերում։

Դա ընդհանրապես առաջին անհրաժեշտության ապրանք չհամարվող ապրանքներին էլ է վերաբերում»,- ասաց Արսեն Թորոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում