Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ալեն Սիմոնյանը վիրավորանքի համար դատի է տվել Անժելա Թովմասյանին և պահանջում է մոտ 3,5 միլիոն դրամ

Ալեն Սիմոնյանը վիրավորանքի համար դատի է տվել Անժելա Թովմասյանին և պահանջում է մոտ 3,5 միլիոն դրամ
Իրավունք
18:44, 14 ноябрь 2023
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ներկայացուցիչ Վ. Հարությունյանը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ «Հայելի» ակումբի հիմնադիր, hayeli.am-ի գլխավոր խմբագիր Անժելա Վարդանի Թովմասյանի՝ վիրավորանքի համար ներողություն խնդրելու և փոխհատուցում վճարելու պահանջով։

Հայցադիմումը մակագրվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Տ. Գրիգորյանին։ Վերջինս հայցադիմումն ընդունել է վարույթ։

Հայցվոր Ալեն Սիմոնյանը պահանջում է Անժելա Թովմասյանից բռնագանձել 3,000,000 (երեք միլիոն) ՀՀ դրամ՝ որպես վիրավորանքի համար նախատեսված փոխհատուցում, ինչպես նաև պատասխանող Անժելա Վարդանի Թովմասյանից հօգուտ հայցվոր Ալեն Ռոբերտի Սիմոնյանի բռնագանձել ընդհանուր 590,000 (հինգ հարյուր իննսուն հազար) ՀՀ դրամ՝ որպես դատական ծախսերի հատուցում, որից 480,000 (չորս հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամ՝ փաստաբանի վարձատրության գումար, 110,000 (հարյուր տասը հազար) ՀՀ դրամ՝ պետական տուրքի գումար։  

Խնդրի հետ կապված hayeli.am-ի գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյան-ը Tert.am-ի հետ զրույցում ասել է, որ ինքը մեկնաբանություն էր թողել  Tert.am-ում «Մեր երեխաներին վերջապես պետք է ազատ, անկախ և խաղաղ Հայաստան ժառանգենք» վերտառությամբ հրապարակված՝ Ալեն Սիմոնյանի՝ ՀՀ անկախության 32-րդ տարեդարձի շնորհավորական ուղերձի տակ: