Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատարանը մեղավոր ճանաչեց Ավետիք Չալաբյանին «1000 դրամ յուրաքանչյուր ուսանողի համար» գործով՝ պարտավորեցնելով 2 տարի 6 ամսով չկազմակերպել հավաքներ և չմասնակցել դրանց

Դատարանը մեղավոր ճանաչեց Ավետիք Չալաբյանին «1000 դրամ յուրաքանչյուր ուսանողի համար» գործով՝ պարտավորեցնելով 2 տարի 6 ամսով չկազմակերպել հավաքներ և չմասնակցել դրանց
Իրավունք
19:20, 21 декабрь 2023
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանը (դատավոր՝ Մնացական Մարտիրոսյան) «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանին մեղավոր ճանաչեց և արգելք դրեց նրա հանրային-քաղաքական գործունեության վրա՝ պարտավորեցնելով 2 տարի 6 ամսով չկազմակերպել հավաքներ և չմասնակցել դրանց. այս մասին հայտարարություն է տարածել «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնությունը։

Հիշեցնենք, որ Ավետիք Չալաբյանին և Էմմա Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2022 թվականի մայիսի 4-ին Երևան քաղաքի Աբովյան 12 հասցեում գտնվող «Դալան» ռեստորանում, այնուհետև մայիսի 8-ին՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի սենյակում նշված համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանին և նրա միջոցով Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի անդամներին ու համալսարանի ուսանողներին ՀՀ-ում «Դիմադրություն» և «Համախմբում» շարժումների հավաքներին՝ անհնազանդություններին, բողոքի ակցիաներին, ցույցերին, փողոցներ փակելու գործողություններին մասնակցելու նպատակով դիտավորությամբ նյութապես շահագրգռել է՝ առաջարկելով 2.000.000 ՀՀ դրամ գումար: 

Ագրարային համալսարանի դասախոս Էմմա Սարգսյանին դատարանը մեղավոր ճանաչեց ՀՀ ՔՕ 236-րդ հոդվածի 2-րդ մասի հանցանքում եւ դատապարտել տուգանքի՝ տասնհինգապատիկի՝ 3 միլիոն 670 հազար դրամի չափով։

2022 թվականի մայիսի 9-ին լրատվական կայքերից մեկում ձայնագրություն էր հրապարակվել՝ «1000 դրամ` յուրաքանչյուր ուսանողի համար, Ագրարային համալսարանի դասախոսը դրդում է ուսխորհրդի նախագահին գումարի դիմաց կազմակերպել, որպեսզի ուսանողները մասնակցեն ընդդիմության հավաքներին՝ յուրաքանչյուր ուսանողի դիմաց առաջարկելով 1000 դրամ» վերտառությամբ: