Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատարանը թույլատրեց Ավետիք Չալաբյանին մեկնել Արցախ և ՌԴ

Դատարանը թույլատրեց Ավետիք Չալաբյանին մեկնել Արցախ և ՌԴ
Իրավունք
17:32, 01 декабрь 2022
Ավետիք Չալաբյանը կմեկնի Արցախ և ՌԴ։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, թույլատրեց Ավետիք Չալաբյանին դեկտեմբեր-հունվար ամսիներին՝ բացակայել ՀՀ-ից և մեկնել Արցախ և ՌԴ։

Այսօր կայացած դատական նիստին հարցաքննվել է երկու վկա, որոնցից մեկը Ագրարային համալսարանի ՈւԽ փոխնախագահ Արմեն Սողոմոնյանն էր։

ՈւԽ նախագահ Թոռնիկ Ալեյանը, որն առանցքային վկան է, չի ներկայացել դատական նիստին՝ լինելով պատշաճ ծանուցված։ Հրավիրված մյուս վկաները ևս չեն ներկայացել այսօրվա նիստին։

Դատական նիստը հետաձգվեց։

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ընդդիմության հավաքներին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների մասնակցության դիմաց նույն համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ: Ենթադրյալ դեպքի վերաբերյալ 2022 թվականի մայիսի 9-ին լրատվական կայքերից մեկում ձայնագրություն է հրապարակվել՝ «1000 դրամ յուրաքանչյուր ուսանողի համար, Ագրարային համալսարանի դասախոսը դրդում է ուսխորհրդի նախագահին գումարի դիմաց կազմակերպել, որպեսզի ուսանողները մասնակցեն ընդդիմության հավաքներին՝ յուրաքանչյուր ուսանողի դիմաց առաջարկելով 1000 դրամ» վերտառությամբ:

Ըստ նախաքննական մարմնի՝ քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպվող հավաքներին մասնակցելու և որոշակի գործողություններ կատարելու դիմաց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռել են՝ առաջարկելով երկու հազար ուսանողի հավաքներին ներգրավելու դիմաց տրամադրել 2.000.000 ՀՀ դրամ գումար:

pastinfo.am