Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ավետիք Չալաբյանը կասկածյալի կարգավիճակ ունի, բայց ցուցմունք չի տվել, մեղադրանքը չի ընդունում. փաստաբան

Ավետիք Չալաբյանը կասկածյալի կարգավիճակ ունի, բայց ցուցմունք չի տվել, մեղադրանքը չի ընդունում. փաստաբան
Իրավունք
16:44, 13 май 2022
Ավետիք Չալաբյանը դեռևս ձերբակալված է, այս պահին քննչական գործողություն է իրականացվում։ Ձերբակալման պահից ունի կասկածյալի կարգավիճակ։ Այս մասին Civic.am-ին տեղեկացրեց Ավետիք Չալաբյանի փաստաբան Արթուր Հարությունյանը։ 

Հիշեցնենք, որ երեկ ոստիկանությունը խուզարկել է հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանի տունը, որից հետո նրան բերման է ենթարկել։ 

«Ավետիք Չալաբյանը չի ընդունում մեղադրանքը, և քանի որ գիշերն են ձերբակալել, հոգնած էր և, օգտվելով իր իրավունքից, լռել է՝ ցուցմունք չի տվել։ Նրան իրավունք ունեն 72 ժամ պահելու որպես ձերբակալված, ձերբակալել են երեկ՝ ժամը 21։00-ին»,- հավելեց փաստաբանը։ 

Նշենք, որ երեկ ՔԿ-ն հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ ընդդիմության հավաքներին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների մասնակցության դիմաց նույն համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ։ Ըստ ՔԿ հաղորդագրության՝ քրեական գործի նախաքննության ընթացքում վերոհիշյալ հանցավոր արարքը կատարելու կասկածանքով ձերբակալվել է Երևան քաղաքի բնակիչ Ավետիք Չալաբյանը: 

Հիշեցնենք, որ օրերս մամուլում տարածված ձայնագրությունում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հրավիրյալ դասախոս Էմմա Սարգսյանը դրդում էր ուսխորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանին գումարի դիմաց կազմակերպել ուսանողների մասնակցությունն ընդդիմության հավաքներին՝ յուրաքանչյուր ուսանողի դիմաց առաջարկելով նրան 1000 դրամ:

Ձայնագրության մեջ հստակ լսվում էին անուններ, նշվում էր, որ շարժման համահիմնադիր են Կարին Տոնոյանը, Ավետիքը։ 
Ավետիք Չալաբյանը մեզ հետ զրույցում տեսակետ էր հայտնել, որ ձայնագրությունն ապօրինի է արված, չէր մեկնաբանել և հույս էր հայտնել, որ իրավապահները կզբաղվեն, ու իսկությունը կհայտնաբերվի։ 

Քննչական կոմիտեից մեզ հայտնեցին, որ նույն քրեական գործի շրջանակներում ձերբակալված է նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հրավիրյալ դասախոս Էմմա Սարգսյանը։