Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կոռնիձորում սպանված 19-ամյա 3 զինծառայողների գործով նոր ձերբակալված կա․ 1 զինծառայող արդեն կալանավորված է, նրան մեղադրանք է առաջադրվել

Կոռնիձորում սպանված 19-ամյա 3 զինծառայողների գործով նոր ձերբակալված կա․ 1 զինծառայող արդեն կալանավորված է, նրան մեղադրանք է առաջադրվել
Հասարակություն
12:51, 23 август 2021
Օրերս Սյունիքի մարզի Կոռնիձորում սպանված երեք ժամկետային զինծառայողների գործով ձերբակալված զինծառայողը կալանավորված է՝ դատարանը բավարարել է վարույթն իրականացնող մարմնի կալանքի միջնորդությունը։ Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի երկրորդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ այսինքն երկու կամ ավելի անձանց սպանությունը։ Այս մասին Civic.am-ին տեղեկացրեց Քննչական Կոմիտեի մամուլի պատասխանատու՝ Վարդան Թադևոսյանը։  

Նշենք, որ մեր տեղեկություններով, կալանավորված զինծառայողից բացի, ևս մեկ զինծառայող էլ կասկածյալի կարգավիճակ ունի, նա ևս ձերբակալված է։
 
Հիշեցնենք, որ պաշտպանության նախարարությունն օրեր առաջ հաղորդագրություն էր տարածել՝ օգոստոսի 19-ին, ժամը 02։15-ի սահմաններում, հանրապետության հարավարևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում գտնվող մարտական հենակետում հայտնաբերվել են շարքայիններ՝ 2002թ. ծնված Մուրադ Աշոտի Մուրադյանի, 2002թ. ծնված Լևոն Ռաֆայելի Հարությունյանի և 2002թ. ծնված Գոռ Արտակի Սահակյանի դիերը՝ հրազենային վիրավորումներով։

Civic.am-ի հարցին՝ ՀՀ ՊՆ-ն հերքո՞ւմ է այն վարկածը, որ երեք զինծառայողների միաժամանակյա մահը կարող էր տեղի ունենալ հակառակորդի կազմակերպած դիվերսիայի հետևանքով, նախարարությունից ընդգծել էին, որ նախնական տեղեկություններով՝ տեղի ունեցածը կապ չունի հակառակորդի գործողությունների հետ։