Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինչ հիմքով և որ ՀԿ-ների հաղորդմամբ է Արցախում պետական դավաճանության հոդվածով քրգործ հարուցվել

Ինչ հիմքով և որ ՀԿ-ների հաղորդմամբ է Արցախում պետական դավաճանության հոդվածով քրգործ հարուցվել
Իրավունք
14:08, 03 март 2021
Արցախի Քննչական կոմիտեում քրգործ է հարուցվել պետական դավաճանության դեպքի առթիվ։ Civic.am-ի հետ զրույցում Քննչական կոմիտեի լրատվության պատասխանատու Նանար Պողոսյանն ասաց, որ հանցագործության մասին հաղորդումը ներկայացվել է «Հայկի սերունդ» և «Առաջ Արցախ» ՀԿ-ների կողմից։ 

«Հայկի սերունդ» ՀԿ ներկայացուցիչ Վլադիմիր Գրիգորյանն էլ մեզ հետ զրույցում հստակեցրեց, որ պետական դավաճանություն ասվածը վերաբերում է պարտված պատերազմին և հաղորդում ներկայացնելու համար հիմք են հանդիսացել նաև պատերազմի ժամանակ տեղի ունեցած իրողությունները, ինչպես նաև հետպատերազմյան շրջանում հասարակությունում տեղ գտած խոսակցությունները։ «Ներկայումս հարցաքննվում են նաև հաղորդումը ներկայացրած անձինք որպես վկա, հարցաքննվողները Արցախից են»,- ասաց Գրիգորյանը՝ հավելելով․ «Մենք քննարկումներ ենք ունեցել նաև պատերազմի ժամանակ կռված մարդկանց հետ, ընդհանուր քննարկումներ էլ են եղել և որոշել ենք դիմել համապատասխան մարմիններին»։ 

Պատերազմի պարտությունը պետական դավաճանություն համարող «Առաջ Արցախ» ՀԿ ներկայացուցիչ Արթուր Հայրապետյանն էլ նշեց, որ ինքը արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից է․ որպես կամավորական կռվել է Հադրութում, Քարին տակում, Կարմիր շուկայում։ Նրա դիտարկմամբ՝ Շահումյանի և Քաշաթաղի շրջանը առանց կրակոցի է հանձնվել թշնամուն, ինչն էլ, իր կարծիքով, պետական դավաճանություն է։ 

«Անկազմակերպված մարտեր էր վարվում, ես ՊԲ հատուկ նշանակության ջոկատում եմ եղել, կամավորական ջոկատներով ենք կռվել։ Ինչի՞ համար էր ՀՀ զինված ուժերը․ 90-ականներին բանակ ենք սարքել, որ 2021թ․-ին կամավորական ջոկատներո՞վ կռվենք։ Կամավորական ջոկատները չեն կարող լուրջ գործողություն անեն, որովհետև տեխնիկական պայքար էր գնում», - պարզաբանեց նա։ 

«Առաջ Արցախ» ՀԿ ներկայացուցիչ Արթուր Հայրապետյանից հետաքրքրվեցինք նաև, թե ո՞ր կառույցի կողմից է ֆինանսավորում իրենց կազմակերպությունը։ Ի պատասխան մեր հարցադրման Հայրապետյանն ընդգծեց, որ Արցախի նախկին իշխանությունների ժամանակ պետության կողմից տարեկան ընդամենը 1մլն 200․000 դրամ էր տրամադրվում, բայց հենց Արայիկ Հարությունյանն ընտրվեց նախագահ՝ դա էլ կտրեցին։  

Հիշեցնենք, որ Արցախի գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել՝ ըստ որի 2020թ․ դեկտեմբերի 10-ին Արցախի Հանրապետությունում գործող հասարակակական կազմակերպությունների կողմից դատախազություն էր ներկայացվել հանցագործության մասին հաղորդում, որում ներկայացվել են տեղեկություններ 2020թ․ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում ԱՀ մի խումբ քաղաքացիների /քննությամբ դեռևս չպարզված/ կողմից հակառակորդի զինված ուժերին թշնամական գործունեություն իրականացնելու համար օգնություն ցույց տալու ենթադրյալ դեպքերի վերաբերյալ․ «Հիշյալ հաղորդմամբ ներկայացված դեպքերի կապակցությամբ լրիվ, օբյեկտիվ ու բազմակողմանի քննություն ապահովելու համար, սույն թվականի փետրվարի 15-ին ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում ԱՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը ըստ քննչական ենթակայության ուղարկվել է ԱՀ քննչական կոմիտե»,-գրված էր հաղորդագրության մեջ։

Նարա Մարտիրոսյան