Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խաչատուր Սուքիասյանի՝ «3-րդ նախագահը 100 մլն դոլարից ավելի կազինոներում կրվել ա նույն Բադեն Բադենում» Սերժ Սարգսյանին ուղղված խոսքը եղել է գնահատող դատողություն. Պատգամավորի պաշտպան

Խաչատուր Սուքիասյանի՝ «3-րդ նախագահը 100 մլն դոլարից ավելի կազինոներում կրվել ա նույն Բադեն Բադենում» Սերժ Սարգսյանին ուղղված խոսքը եղել է գնահատող դատողություն. Պատգամավորի պաշտպան
Իրավունք
13:19, 24 ноябрь 2021
Այսօր` նոյեմբերի 24-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ընդդեմ ԱԺ ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի գործով դատական նիստը` զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելուն և պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասը հատուցելու պահանջների մասին:

Սույն հայցով պատասխանող կողմեր են պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, և ՀՀ ԱԺ աշխատակազմը:

Հիշեցնենք, որ 2021թ. օգոստոսի 25-ին ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը ԱԺ նիստի ընթացքում ԱԺ ամբիոնից պատգամավորների և լրագրողների ներկայությամբ ելույթ էր ունեցել և  կատարել հետևյալ հրապարակային արտահայտությունը. «Բոլորդ լավ գիտեք, որ երրորդ նախագահը կազինոներում հարյուր միլիոնից ավելի կրվել ա նույն Բադեն Բադենում, ինչի՞ հաշվին` զենքերի հաշվին, ինչի՞ հաշվին` մեր զինվորների հաշվին, ինչի՞ հաշվին` կրթության հաշվին, ինչի՞ հաշվին՝ առողջապահության հաշվին: Լայնամասշտաբ կոռուպցիա է եղել․ մեկ մարդ է որոշել` ով ինչ անի»:

Դատարանը հարց ուղղեց կողմերին` արդյոք հաշտության եզրեր կարո՞ղ են լինել: Հայցվոր կողմը նշեց, որ կարող են լինել հաշտության եզրեր, եթե հայտարարվի, որ այն տեղեկությունները, որոնք հրապարակվել են` իրականությանը չեն համապատասխանում, և միայն այդ դեպքում իրենք հայցադիմումից կհրաժարվեն: Պատասխանողի ներկայացուցիչն էլ ընդգծեց, որ այդ կոնտեքստում հաշտության եզրեր չեն կարող լինել:

Մինչ դատական նիստը դատարանն ստացել էր ԱԺ աշխատակազմի միջնորդությունը` երկրորդ պատասխանողներին կազմից հանելու մասին: Դատավորը նշեց, որ այդ միջնորդությունը պետք է քննարկվի հայցի հիմքը և առարկան պարզելուց հետո: Սերժ Սարգսյանի ներկայացուցիչն անդրադառնալով հայցին` հայտարարեց. «Մեր պահանջն է՝ պարտավորեցնել Խաչատուր Սուքիասյանին դատարանի վճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում ԱԺ հերթական նիստում, իսկ ժամկետը պահպանելու անհնարինության դեպքում՝ ԱԺ հերթական նիստում, ԱԺ ամբիոնից ուղիղ եթերում բանավոր հերքել զրպարտություն հանդիսացող «Բոլորդ լավ գիտեք՝ երրորդ նախագահը հարյուր մլն դոլարից ավելի կազինոներում կրվել ա նույն Բադեն Բադենում» արտահայտությունը:

Հայցվոր կողմը նաև սահմանել էր Խաչատուր Սուքիասյանի համար հերքման տեքստը` պահանջելով, որ սեփական մեկնաբանություն չավելացնի տեքստում, ինչպես նաև ԱԺ ամբիոնից ուղիղ եթերում հերքման տեքստն ասելու անհնարինության դեպքում Խաչատուր Սուքիասյանը հերքման տեքստը տարածի առնվազն հազար տպաքանակ ունեցող ինտերնետային կայք և ՀՀ-ի ողջ տարածքում սպառում ունեցող ԶԼՄ-ով` ինչպես տպագիր տարբերակում, այնպես էլ ԶԼՄ-ի ինտերնտեային կայքում` դատարանի վճիռն ուժի մեջ մտնելու երկու շաբաթվա ընթացքում:

Հայցվորի երկրորդ պահանջն այն էր, որ դատարանը պարտավորեցնի ԱԺ աշխատակազմին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից յոթ օրվա ընթացքում ԱԺ պաշտոնական կայքի միջոցով գրավոր հերքել պատգամավորի` «Բոլորդ լավ գիտեք երրորդ նախագահը հարյուր մլն դոլարից ավել կազինոներում կրվել ա նույն Բադեն Բադենում» հայտարարությունը: Հայցի երրորդ պահանջն էլ այն էր, որ դատարանը Խաչատուր Սուքիասյանից բռնագանձի 1 մլն դրամ՝ որպես զրպարտության դիմաց փոխհատուցում, որն էլ անմիջապես կփոխանցվի զինծառայողների ապահովագրության հիմնադրամին:

Հայցվորը նաև չի առարկում, որ հայցի բավարարման դեպքում Խաչատուր Սուքիասյանն ինքնուրույն այդ գումարը փոխանցի զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: ԱԺ աշխատակազմը, որպես երկրորդ պատասխանող միջնորդություն էր ներկայացրել` նշելով, որ ԱԺ պատգամավորի արտահայտության համար ՀՀ-ն չի կարող հանդես գալ որպես պատասխանող կողմ դատարանում։ Մասնավորապես հղում անելով մի շարք օրենսդրական նորմերի և կոնվենցիաների` ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներն ասացին, որ գործ ունեն անձնական վեճի հետ, քանի որ պատգամավորի խոսքը չի վերաբերել իր պատգամավորական գործունեությանը:

Ըստ նրանց, այս պարագայում ԱԺ-ն չի կարող լինել պատասխանող կողմ և միջնորդեցին ԱԺ աշխատակազմին հանել պատասխանողների կազմից: Դատարանը նշեց, որ չունի լիազորություն որևէ պատասխանողի կազմից հանելու համար և մերժեց միջնորդությունը` այն համարելով անհիմն: Պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ներկայացուցիչը ներկայացնելով իր առարկությունները հայցի դեմ` ասաց, որ այն իրավաչափ չէ և ոչ բոլոր դեպքերում անձը կարող է ներկայացնել հրապարակայնորեն հերքման պահանջ:

Ըստ պատգամավորի ներկյացուցչի` եթե դատարանը միևնույն է՝ համարի, որ նշված արտահայտությունը զրպարտություն է, այն չի կարող հերքվել, որովհետև այն տեղ չի գտել լրատվություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, իսկ օրենքով նշված է այդ սահմանումը, և հետևաբար այդ դեպքում է, որ հերքումը տարածվում է այդ նույն լրատվության միջոցով. «Իսկ եթե հրապարակումը տեղ չի գտել լրատվություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ` ապա չի կարող ներկայացվել հերքման պահանջ, այլ կարող է ներկայացվել մինչև 2 մլն դրամ բռնագանձելու պահանջ»,-ասաց պատգամավորի ներկայացուցիչը:

Խաչատուր Սուքիասյանի ներկայացուցիչը հավելեց նաև, որ պատգամավորի արտահայտությունները եղել են գնհատող դատողություններ:

Հայցվոր կողմի ներկայացուցիչը դատական նիստի սկզբում դատարանին տեղեկացրել էր, որ ժամը 12:10 միջնորդելու է հետաձգել դատական նիստը՝ իր դասախոսական գործունեությամբ ծանրաբեռնված լինելու հիմքով:

Դատարանը լսելով կողմերի կարծիքները, որոշեց հետաձգել նիստը: Հաջորդ դատական նիստը կկայանա 2022թ. հունվարի 17-ին, ժամը 11:30: