Քաղաքացիակենտրոն
լրատվություն

֏22,950,000 տուգանք՝ չպատվաստված կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունք չներկայացրած աշխատողներ ունենալու համար․ FIP.am

֏22,950,000 տուգանք՝ չպատվաստված կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունք չներկայացրած աշխատողներ ունենալու համար․ FIP.am
Իրավունք
15:29, 03 февраль 2022
Առողջապահության նախարարության կատարած փոփոխությունների համաձայն՝ 2021-ի հոկտեմբերի 1-ից չպատվաստված աշխատողները յուրաքանչյուր 14 օրը մեկ գործատուին պետք է ներկայացնեն կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ։

«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց հասկանալ՝ մինչև հոկտեմբերի 1-ը և դրանից հետո քանի ստուգայց է իրականացվել և որքան է կազմել տուգանքների չափը։

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը պարբերաբար ստուգումներ է իրականացնում տնտեսվարող սուբյեկտներում, համավարակով պայմանավորված՝ ուշադրություն է դարձնում նաև հակահամաճարակային կանոնների պահպանմանը։ 

Այսպես, 2021-ի օգոստոսին՝ մինչև նոր կարգավորումների ընդունումը, տեսչական մարմինն իրականացրել է 3017, սեպտեմբերին՝ 5430 ստուգայց։  Հոկտեմբեր ամսվա ընթացքում իրականացվել է արդեն 8517, նոյեմբերին՝ 4217, դեկտեմբերին՝ 4982 ստուգայց։

Օգոստոսին տեսչական մարմինը մի շարք խախտումներ է արձանագրել, սակայն տուգանքներ չեն սահմանվել, սեպտեմբերին արձանագրված խախտումների համար սահմանվել է ընդամենը ֏100 հազարի չափով տուգանք։  Հոկտեմբերին՝ նոր կարգավորումներն ուժի մեջ մտնելուց հետո արձանագրված խախտումների դեպքում արդեն տուգանքների չափը կազմել է ֏4 միլիոն 550 հազար, նոյեմբերին տուգանքների ընդհանուր չափը հասել է ֏11 միլիոն 600 հազարի, իսկ դեկտեմբերին արձանագրված տուգանքների ընդհանուր չափը կազմել է ֏12 միլիոն 400 հազար։

Տնտեսվարող սուբյեկտներ ստուգայցերի արդյունքում առավել հաճախ արձանագրված խախտումներն են եղել մարդկանց կուտակումները, դիմակներ չկրելը, գրանցամատյաններ չվարելը, ախտահանման գործընթացի ոչ պատշաճ իրականացումը և այլն։ 

FIP.am-ի հարցմանն ի պատասխան Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից հայտնել են, որ տնտեսվարող սուբյեկտներում պատվաստման կամ ՊՇՌ թեստի արդյունք չներկայացրած աշխատակիցների առկայության համար հոկտեմբերի 14-ից մինչ 31-ն ընկած ժամանակահատվածում կազմվել է 154 արձանագրություն, իսկ տուգանքի ընդհանուր չափը կազմել է ֏2 միլիոն 750 հազար։ Նոյեմբերին կազմվել է 148 արձանագրություն՝ պատվաստման կամ ՊՇՌ թեստի արդյունք չներկայացրած աշխատակիցների առկայության համար, տուգանքի ընդհանուր չափը՝ ֏9 միլիոն 200 հազար, դեկտեմբերին կազմված արձանագրություններից 127-ը վերաբերել են վերը նշված խախտմանը, որի մասով տուգանքի չափը կազմել  է ֏11 միլիոն։ 

Այսպիսով, 2021-ի հոկտեմբերից մինչև դեկտեմբերը ներառյալ, նոր կարգավորման համաձայն, պատվաստման կամ ՊՇՌ թեստի արդյունք չներկայացրած աշխատակիցների առկայության համար տնտեսվարողները հանրագումարում տուգանվել են ֏22 միլիոն 950 հազարով։ 

Աղբյուր՝ FIP.am