Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սահման գնալու փոխարեն երեկ գիշեր ՀՅԴ-ականները Երևանում գրոհում էին «Մարիոթը»․ Ոստիկանները հյուրանոց ներխուժումը դադարեցնելու պահանջ են ներկայացրել, որն անտեսվել է, հարուցվել է քրգործ

Սահման գնալու փոխարեն երեկ գիշեր ՀՅԴ-ականները Երևանում գրոհում էին «Մարիոթը»․ Ոստիկանները հյուրանոց ներխուժումը դադարեցնելու պահանջ են ներկայացրել, որն անտեսվել է, հարուցվել է քրգործ
Իրավունք
13:17, 23 февраль 2022
Փետրվարի 22-ին՝ ժամը 19:40-ին, Հանրապետության հրապարակում մի խումբ քաղաքացիներ խմբերով փորձել են մուտք գործել «Մարիոթ» հյուրանոցային համալիր, ինչը կանխվել է տեղում հասարակական կարգն ապահովող ոստիկանության ծառայողների կողմից։ Քաղաքացիներին հյուրանոցային համալիր ներխուժելու փորձերը դադարեցնելու օրինական պահանջ է ներկայացվել, որն անտեսվել է։


Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ այդ ամենից հետո Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար 25 անձ բերվել է ոստիկանության Կենտրոնական բաժին։

ՀՀ ոստիկանությունից պարզաբանում են, որ այդ ընթացքում որևէ մեկը չի ներկայացել որպես լրատվամիջոցի ներկայացուցիչ և չի ներկայացրել համապատասխան փաստաթուղթ։


Վարչական շենքի մուտքի դիմաց և ներսում բերված անձինք սկսել են բղավել և խոչընդոտել ոստիկանության ծառայողների գործողություններին: Ոստիկանության ծառայողները հանդարտվելու և անօրինական գործողությունները դադարեցնելու կոչեր են արել, սակայն նշված քաղաքացիները սկսել են հնչեցնել սեռական բնույթի հայհոյանքներ ոստիկանության ծառայողների հասցեին, անընդհատ հրահրել են վիճաբանություն՝ դրսևորելով բացահայտ անհարգալից վերաբերմունք ոստիկանության ծառայողների նկատմամբ և խոչընդոտելով Կենտրոնական բաժնի աշխատանքի բնականոն ընթացքը։

Հիշյալ անձինք խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել Կենտրոնական բաժնի տարբեր աշխատասենյակներ և ներկայացվել նախաքննական մարմին։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդ. 1-ին մասի հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն:

Հիշեցնենք, որ փետրվարի 21-22-ը Եվրանեսթ ԽՎ-ի նիստին մասնակցելու համար Երևան էին եկել նաև ադրբեջանցի 2 պատգամավորներ, որոնք «Մարիոթ» հյուրանոցում էին հյուրընկալվել։