Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինձ մեղավոր չեմ ճանաչում, «Սիլվա Համբարձումյան» անունով անձի ընդհանրապես չեմ ճանաչում․ 3 մլն ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, շարունակվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախկին փոխվարչապետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի գործով դատական այսօրվա նիստը, որի ժամանակ որպես մեղադրյալ ներգրավված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է. «Իհարկե ինձ մեղավոր չեմ ճանաչում։ Այս մեղադրանքը համարում եմ ոչ միայն անհեթեթ, այլև՝ իրականության հետ առնչություն չունեցող»։

Նա ընդգծել է, որ «Սիլվա Համբարձումյան» անունով անձի ընդհանրապես չի ճանաչում,  իր համար հասկանալի չէ ընդհանրապես, թե ինչու է մեղադրող կողմը որոշել, որ ինքն ունի վարչարարատնտեսական և տնօրինչական իրավասություններ, կա Սահմանադրություն, որտեղ հստակ նշված է իր լիազորությունները։  Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ  չի հասկանում, թե տվյալ դեպքում իր ո՞ր լիազորություններն է օգտագործել կամ չի օգտագործել։ Ավելին՝ պարզաբանեց, որ նույնիսկ ՀՀ նախագահը չի տնօրինում նախագահականի բյուջեն, որևէ երկրի նախագահ նման լիազորություն չի ստանում։

Քոչարյանի խոսքով՝ իր համար հասկանալի չէ նաև, թե ընդհանրապես ինչի մասին է խոսքը, քանի որ լիցենզիան և վաճառքն՝ այն ժամանակվա օրենսդրությամբ չէր ենթադրում որևէ պետական որոշում, չի ենթադրում, որ որևէ պետական պաշտոնյա պետք է տա համաձայնություն։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է այն բանի համար, որ 1998-2008թ զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելու, նպաստելու, այն է՝ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման համար հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասերի ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար 2008թ փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով 927 մլն ՀՀ դրամին համարժեք 3 մլն ԱՄՆ դոլարի չափով կաշառք։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Արմեն Գևորգյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա, 2006թ փետրվարից մինչև 2008թ ապրիլի 21-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի և ԱԽ քարտուղարի պաշտոնները, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու համար 2008թ ապրիլին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ ստացել է 309 մլն ՀՀ դրամին համարժեք 1 մլն ԱՄՆ դոլար կաշառք, ինչպես նաև՝ խեղաթյուրելով և թաքցնելով նման գումարի իրական բնույթն ու ծագումը, օրինականացրել է առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները։