Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քոչարյանի տղայի՝ Սեդրակ Քոչարյանի 1,96 միլիարդ դրամի հարկեր թաքցնելու միջոցով «Կոնգրես» հյուրանոցը գնելու մեղադրանքով քրգործը ԱԱԾ-ում դեռ նախաքննության փուլում է

Քոչարյանի տղայի՝ Սեդրակ Քոչարյանի 1,96 միլիարդ դրամի հարկեր թաքցնելու միջոցով «Կոնգրես» հյուրանոցը գնելու մեղադրանքով քրգործը ԱԱԾ-ում դեռ նախաքննության փուլում է
Իրավունք
14:19, 11 май 2022
Արցախի փրկության անվան տակ Ֆրանսիայի հրապարակում իշխանափոխության փորձ անող ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այդպես էլ հանրության՝ անգամ հրապարակում հավաքվող պայքարակիցների  համար չի բացահայտում, թե ինքն ու իր ընտանիքն ինչպես են Հայաստանում միլիոնավոր դոլարների հասնող ունեցվածքի տեր դարձել։ 

Քոչարյանի տղայի՝ Սեդրակ Քոչարյանի հարկեր թաքցնելու միջոցով «Կոնգրես» հյուրանոցը գնելու մեղադրանքով քրգործը ԱԱԾ-ում դեռ նախաքննության փուլում է։ Սեդրակ Քոչարյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով հարկ չվճարելը կազմակերպելու և առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու համար։ Խոսքը մոտ 1,96 միլիարդ դրամի թաքցրած հարկերի մասին է։ Մեղադրանքն առաջադրվել է ԱԱԾ-ի կողմից դեռևս 2019 թ.-ին։ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Civic.am-ին տեղեկացրեց, որ գործը ԱԱԾ-ում դեռևս նախաքննության փուլում է։ 

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ բացահայտել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու և հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտներն օրինականացնելու հանցադեպեր, որոնց կազմակերպման հետ անմիջական առնչություն է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը։

Քրեական գործով հաստատված փաստական տվյալների համաձայն՝ Սեդրակ Քոչարյանը կազմակերպել է իր հիմնադրած ՍՊ ընկերություններից մեկի առանձնապես խոշոր չափերով եկամտային հարկ չվճարելու գործընթացը, որից հետո այն օրինականացրել է մի շարք բանկային փոխանցումների, այդ եկամուտները գույքի ձեռք բերմանն ուղղելու եղանակով. «Մասնավորապես, երրորդ անձի կողմից տնտեսվարող սուբյեկտներից մեկում ներդրած, դեռևս ծագման առումով առանձին իրավական գնահատականի արժանի 5 300 000 ԱՄՆ դոլարն անհատույց ստանալու նպատակով Սեդրակ Քոչարյանը ձեռնամուխ է եղել շինծու գործարքներով այդ գումարն իր հիմնադրած ընկերության անվամբ ձևակերպելուն և դրա միջոցով ստանալուն։ Ցանկանալով խուսափել դրանից բխող հարկային պարտավորությունները կատարելուց՝ վերջինս վերոհիշյալ ՍՊԸ տնօրենին հանձնարարել է կնքել 2 շինծու անհատույց փոխառության պայմանագրեր և դրանց տալ նաև հաշվապահական ձևակերպում, ինչի հետևանքով ի վերջո 5 300 000 ԱՄՆ դոլարը փոխանցվել է Սեդրակ Քոչարյանի անձնական հաշվեհամարին՝ իբրև տված փոխառության վերադարձ»,- հայտնել էին ԱԱԾ-ից: 

Դրա հետ մեկտեղ, իր հիմնադրած հիշյալ ընկերության տնօրենը օրենսդրության պահանջների խախտմամբ, որպես հարկային գործակալ պարտավոր լինելով պահել և ՀՀ պետական բյուջե փոխանցել Սեդրակ Քոչարյանի կողմից երրորդ անձից անհատույց՝ որպես եկամուտ ստացած գումարից եկամտային հարկը՝ Սեդրակ Քոչարյանի կազմակերպմամբ և ղեկավարմամբ, պետական բյուջե վճարման ենթակա եկամտային հարկը նվազեցնելու նպատակով, ընկերության հարկման համար հիմք հանդիսացող համապատասխան ամփոփ հաշվարկում մտցրել է ակնհայտ կեղծ տվյալներ, որի հետևանքով չի վճարել առանձնապես խոշոր չափերով՝ 916.706.560 ՀՀ դրամի չափով հարկեր (տույժերով և տուգանքներով հանդերձ՝ 1.968.627.338 ՀՀ դրամ)։

Ըստ ԱԱԾ-ի՝ դրանից հետո, նպատակ ունենալով իր և ընտանիքի մյուս անդամների հետ փոխկապակցված ընկերությունների միջև մի շարք գործարքների կնքմամբ խեղաթյուրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով հիշյալ եկամտի՝ պետական բյուջե չվճարված հարկի գումարի իրական բնույթը և ծագման աղբյուրն ու այն ներդնել օրինական շրջանառության մեջ, Սեդրակ Քոչարյանն այն միախառնել է բանկային հաշվին եղած 5.682.960 ԱՄՆ դոլարի հետ և օրինականացրել է մի շարք բանկային փոխանցումների, փոխարկման, այդ եկամուտները «Բեստ Վեստերն Կոնգրես» հյուրանոցի ձեռք բերմանն ուղղելու եղանակով։

Գործով ձեռք բերված փոխկապակցված, հավաստի բավարար ապացույցների համակցությամբ Սեդրակ Ռոբերտի Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով հարկ չվճարելը կազմակերպելու և առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու համար, իսկ նրա հիմնադրած ՍՊ ընկերության տնօրեն Ալեքսան Սամսոնի Որսկանյանին՝ 205-րդ հոդվածի 2-րդ մասով, ով առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը։

Հիշեցնենք, որ ինքը՝ Սեդրակ Քոչարյանը, ԱԱԾ մեղադրանքը շինծու է հայտարարել: