Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իշխանություն զավթելու կոչեր արած Վազգեն Մանուկյանի գործով դատական նիստը անորոշ ժամկետով հետաձգվել է

Իշխանություն զավթելու կոչեր արած Վազգեն Մանուկյանի գործով դատական նիստը անորոշ ժամկետով հետաձգվել է
Իրավունք
16:30, 18 август 2022
«Հայրենիքի փրկության շարժման» նախկին առաջնորդ Վազգեն Մանուկյանի գործով հերթական դատական նիստն այսօր չկայացավ։ Նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ դատական նիստը հետաձգվել է՝ դատարանի մեկ այլ գործով ծանրաբեռնվածության պատճառով։

Գործը գտնվում է դատական վիճաբանությունների փուլում։ Այսօր պետք է պաշտպանական ճառով հանդես կգար պաշտպանության կողմը։

Վազգեն Մանուկյանը մեղադրվում է «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքների ժամանակ ապստամբելու կոչեր հնչեցնելու համար․ «Ցանկացած պահ` դա կլինի այսօր, դա կարող է լինել մեկ շաբաթ հետո, կարող է լինել 10 օր հետո, պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով վերցնել իշխանությունը: Մենք գնալու ենք Ա ճանապարհով` պատրաստ լինելով Բ ճանապարհին», - հայտարարել էր  «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարը։

Իսկ 2021-ի մարտի 28-ին,  Հայրենիքի փրկության շարժման ղեկավար Վազգեն Մանուկյան իրենց հրավիրած հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ խաղաղ ցույցերով հարց չի լուծվի և ուժին պետք է հակադրել ուժ: «Մենք պետք է կարողանանք ստեղծել ուժ: Պետք է աշխատենք ամեն օր, զբաղվենք քարոզչական գաղափարական աշխատանքով, կազմակերպչական աշխատանքով, պետք է գնանք շրջաններ, հանդիպենք և ամեն տեղ ստեղծենք մեր կառույցները, և մի օր, մի իքս օր ամբողջ ժողովրդով կբարձրանանք ու մեկ, երկու օրում պետք է ոչնչացնենք ամեն ինչ: Այսօրվանից մենք նախապատրաստվելու ենք այդ իքս օրվան: Ուժին պետք է հակադրել ուժ, խաղաղ խոսակցությունները չեն օգնի»:

Վազգեն Մանուկյանը լրագրողների հետ զրույցում իրեն առաջադրված մեղադրանքը որակել էր պրիմիտիվ քաղաքական հետապնդում։