Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վազգեն Մանուկյանի դատական նիստերը հետաձգվել են պաշտպանի միջնորդությունների հիմքով. դատավորի աշխատակազմ

Վազգեն Մանուկյանի դատական նիստերը հետաձգվել են պաշտպանի միջնորդությունների հիմքով. դատավորի աշխատակազմ
Իրավունք
20:10, 27 май 2021
Պատերազմից հետո մի շարք ընդդիմադիր ուժերի կողմից ժամանակավորապես ստեղծված «Հայրենիքի փրկության» շարժման առաջնորդ Վազգեն Մանուկյանին Քննչական կոմիտեն մեղադրանք էր առաջադրել՝ իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար և գործն ուղարկել դատարան:

Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ Վազգեն Մանուկյանը ապստամբելու կոչերը հնչեցրել է փետրվարի 12-ին և 20-ին կայացած ընդդիմադիրների հանրահավաքների ընթացքում:  Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 301 հոդվածի հիման վրա։
 
 Վազգեն Մանուկյանի գործը մակագրվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանին։

 Վազգեն Մանուկյանի պաշտպան Արամ Վարդևանյանը նախքան դատական նիստերը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին։ Սակայն դատարանը որոշում էր կայացրել միջնորդությունը հետաձգել ՝ մինչև միջնորդության վերաբերյալ որոշում ընդունելու համար էական հանգամանքների պարզումը։
 
 Նշենք, որ Վազգեն Մանուկյանի գործը քննելու համար դատական նիստեր էր նշանակվել ապրիլի 9-ին և մայիսի 26-ին։ 
Civic.am-ին դատարանից պարզաբանեցին, որ նիստերը չեն կայացել Վազգեն Մանուկյանի պաշտպանի կողմից ներկայացված միջնորդությունների հիմքով։ Մեր հարցին՝ ի՞նչ է պատճառաբանվել միջնորդություններում՝ դատավոր Վահե Միսակյանի աշխատակազմից հետևյալ կերպ պատասխանեցին.  «Դատալեքսում կլրացնենք՝ կտեսնենք»։
 
 Այս համատեքստում նշենք, որ տևական ժամանակ Դատական տեղեկատվական համակարգի՝ Datalex.am կայքում լրացված չէր Վազգեն Մանուկյանի՝ թիվ ԵԴ/0336/01/21 դատական գործով նշանակված նիստերի օրերը, ինչպես նաև պաշտպան Արամ Վարդևանյանի ներկայացրած միջնորդությունը։ Միայն այսօր կարողացանք կայքից տեղեկանալ, որ ապրիլի 9-ին և մայիսի 26-ին Վազգեն Մանուկյանի գործով նշանակված են եղել դատական նիստեր, որոնք չեն կայացել։  
 
 Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանը հանրահավաքներից մեկի ժամանակ հնչեցրել էր կայծակնային արագությամբ ապստամբելու մասին կոչ. «Ցանկացած պահ` դա կլինի այսօր, դա կարող է լինել մեկ շաբաթ հետո, կարող է լինել 10 օր հետո, պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով վերցնել իշխանությունը: Մենք գնալու ենք Ա ճանապարհով` պատրաստ լինելով Բ ճանապարհին»։

 Նրա հայտարարություններից մեկն էլ հետևյալն է. «Շաբաթ օրը կանենք հսկայական հանրահավաք, որտեղ ցույց կտանք, որ մեր ամբողջ ժողովուրդն է մասնակցում դրան, և կշարունակենք գնալ առաջ։ Կարող են իրավիճակները բերել նրան, որ մեզ պետք լինի կատարել շատ ավելի կտրուկ գործողություններ։ Այս ժողովրդի մեջ մի 5000 գոնե երիտասարդ կան, որ շատ հիասթափվում են, ասում են եկեք-գնանք, ջարդենք, էս շենքը վերցնենք, այս շենքը։ Սպասեք, ձեր կարիքը կարող է գալ, բայց ավելի լավ կլինի, որ ձեր կարիքը չլինի, ինքն իրեն այդ ամեն ինչը արվի»։ 
 
 «Հայրենիքի փրկության» շարժման առաջնորդը մեղադրանքը համարում է՝ պրիմիտիվ քաղաքական հետապնդում։ Իսկ իր պաշտպան Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ Վազգեն Մանուկյանի կոչերը ոչ թե ապստամբելու կոչեր էին, այլ քաղաքական հայտարարություններ։
 
 Վազգեն Մանուկյանի գործով հաջորդ դատական նիստի օրը դեռևս նշանակված չէ։ Այս մասին մեզ տեղեկացրեցին դատարանից։

 Նշենք, որ երեկ՝ ԿԸՀ-ում նախընտրական ցուցակն ու պահանջվող փասատաթղթերը ներկայացնելիս՝ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ՝ Վազգեն Մանուկյանի պաշտպան Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ արտահերթ ընտրություններում գործող իշխանությունն իր տեղը զիջելու է։
 
 
Նարա Մարտիրոսյան