Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վազգեն Մանուկյանի գործով հերթական դատական նիստը կկայանա նոյեմբերի 26-ին, նախորդ նիստը հետաձգվել էր պաշտպանի դիմումի հիմքով

Վազգեն Մանուկյանի գործով հերթական դատական նիստը կկայանա նոյեմբերի 26-ին, նախորդ նիստը հետաձգվել էր պաշտպանի դիմումի հիմքով
Իրավունք
16:26, 19 ноябрь 2021
Վազգեն Մանուկյանի գործով հերթական դատական նիստը կկայանա նոյեմբերի 26-ին, ժամը 14։00-ին։ Այս մասին Civic.am-ին տեղեկացրին դատավոր Վահե Միսակյանի աշխատակազմից և հավելեցին, որ նախորդ՝ սեպտեմբերի 22-ին նշանակված դատական նիստը չէր կայացել Վազգեն Մանուկյանի պաշտպանի դիմումի հիմքով։ 

Նշենք, որ 44-օրյա պատերազմից հետո մի շարք ընդդիմադիր ուժերի կողմից ստեղծված «Հայրենիքի փրկության շարժման» առաջնորդ Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով, այսինքն՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար։ 

Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ Վազգեն Մանուկյանը ապստամբելու կոչերը հնչեցրել է 2021թ. փետրվարի 12-ին և 20-ին կայացած ընդդիմադիրների հանրահավաքների ընթացքում:  

Վազգեն Մանուկյանն իր կոչերից մեկում ասել էր հետևյալը. «Շաբաթ օրը կանենք հսկայական հանրահավաք, որտեղ ցույց կտանք, որ մեր ամբողջ ժողովուրդն է մասնակցում դրան, և կշարունակենք գնալ առաջ։ Կարող են իրավիճակները բերել նրան, որ մեզ պետք լինի կատարել շատ ավելի կտրուկ գործողություններ։ Այս ժողովրդի մեջ մի 5000 գոնե երիտասարդ կան, որ շատ հիասթափվում են, ասում են՝ եկեք-գնանք, ջարդենք, էս շենքը վերցնենք, այն շենքը։ Սպասեք, ձեր կարիքը կարող է գալ, բայց ավելի լավ կլինի, որ ձեր կարիքը չլինի, ինքն իրեն այդ ամեն ինչը արվի»։  
 
«Հայրենիքի փրկության շարժման» առաջնորդը մեղադրանքը համարում է պրիմիտիվ քաղաքական հետապնդում։ Իսկ նրա պաշտպան Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ Վազգեն Մանուկյանի կոչերը ոչ թե ապստամբելու կոչեր էին, այլ քաղաքական հայտարարություններ։