Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի նախագահի մամուլի խոսնակը հաստատել է գեներալ Միքայել Արզումանյանին ձերբակալելու մասին լուրը. ՔԿ-ից, սակայն, դեռ պաշտոնական հաստատում չկա

Արցախի նախագահի մամուլի խոսնակը հաստատել է գեներալ Միքայել Արզումանյանին ձերբակալելու մասին լուրը. ՔԿ-ից, սակայն, դեռ պաշտոնական հաստատում չկա
Իրավունք
17:00, 30 август 2022
Քիչ առաջ տեղեկություն տարածվեց, որ Արցախից Երևան գալու ճանապարհին ձերբակալվել և բերման է ենթարկվել Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար-Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի նախագահի գործող գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանը։

Արզումանյանը բերման է ենթարկվել ՀՀ քննչական կոմիտեի զինվորական վարչության քննիչների հանձնարարությամբ։ 

Civic.am-ը փորձեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանից պարզել լուրի իսկությունը։ Թադևոսյանը մեզ հայտնեց, որ փորձում է տեղեկություններ ստանալ, սակայն մինչ այս պահը որևէ լուր մեզ չհայտնեց՝ նշելով, որ տեղեկությունների դեռ չի տիրապետում։

Չնայած որևէ պաշտոնական հաղորդում Արզումանյանի ձերբակալության մասին դեռ չկա, սակայն արդեն խոսվում է նրան մեղադրանք առաջադրելու մասին։ Բացի դրանից, Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը «Արցախպրեսին» հայտնել է, որ գեներալ Արզումանյանի ձերբակալության հետ կապված իրավիճակի զարգացումները գտնվում են նախագահ Հարությունյանի ուշադրության կենտրոնում: 

«Հուսով ենք, որ ձերբակալության հանգամանքները շուտափույթ կերպով կպարզվեն»,- ասել է Լուսինե Ավանեսյանը։

Վովա Հակոբյան