Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եթե օպերատիվ գործեն, մարտին գործը դատարանում կլինի. «Յանս» ռեստորանի նախկին հաշվապահի փաստաբանը՝ Սերժ Սարգսյանի անվտանգության նախկին պետի, նրա կնոջ՝ հաշվապահից 40 մլն դրամ շորթելու մեղադրանքի մասին

Եթե օպերատիվ գործեն, մարտին գործը դատարանում կլինի. «Յանս» ռեստորանի նախկին հաշվապահի փաստաբանը՝ Սերժ Սարգսյանի անվտանգության նախկին պետի, նրա կնոջ՝ հաշվապահից 40 մլն դրամ շորթելու մեղադրանքի մասին
Իրավունք
14:01, 21 ноябрь 2022
Քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անվտանգության նախկին պետ Վաչագան Ղազարյանի, նրա կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի և նրանց պատկանող «Յանս» ռեստորանային համալիրի տնօրենի նկատմամբ՝ բռնություն գործադրելու սպառնալիքներով առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու համար։

Նշենք, որ նշված անձանց դեմ բողոքը ներկայացվել էր «Յանս» ռեստորանային համալիրի նախկին հաշվապահ Սուսաննա Արիստակեսյանի կողմից. խոսքը հաշվապահի հարազատներից 40 մլն դրամ շորթելու մասին է։ 

Սուսաննա Արիստակեսյանի փաստաբան Սահակ Մանուկյանը Civic.am-ի հետ զրույցում նշեց, որ հուսով են՝ բազմակողմանի քննություն կիրականացվի և կհաստատվի տուժողից՝ Սուսաննա Արիստակեսյանից, 40 մլն դրամ շորթելու հանգամանքը: «Գործը հսկող դատախազի տեղակալը հանդիպում է ունեցել Սուսաննա Արիստակեսյանի հետ, և լրացուցիչ հարցադրումներ են արել, կարծում եմ՝ դրանից հետո է հանգել այն եզրակացության, որ անհրաժեշտ է քրեական հետապնդումներ նախաձեռնել նշված անձանց նկատմամբ։ Եթե օպերատիվ գործեն, կարծում եմ՝ մարտ ամսին արդեն գործը հաստատված մեղադրանքով մուտք կլինի դատարան»,- ասաց փաստաբանը։
 
Նա նաև հիշեցրեց, որ 5 տարի առաջ՝ 2017թ., քրեական գործ էր հարուցվել, իբր հաշվապահ Սուսաննա Արիստակեսյանը «Յանս» ռեստորանից 25 մլն է յուրացրել, հետո այդ գումարը Վաչագան Ղազարյանի և «Յանս»-ի տնօրենի կողմից ճշգրտվել էր և դարձել էր 40 մլն. «Սակայն 2021թ.-ին քննիչի որոշմամբ Սուսաննա Արիստակեսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ այն պատճառաբանությամբ, որ այդ արարքը կամ չի կատարվել, կամ չեն կարողացել հիմնավորել, և Սուսաննա Արիստակեսյանը ձեռք է բերել արդարացվածի կարգավիճակ»,- պարզաբանեց Սահակ Մանուկյանը։  

Նշենք, որ երբ Սուսաննա Արիստակեսյանը մեղադրյալի կարգավիճակում կալանքի տակ է գտնվել՝ 2017թ., Վաչագան Ղազարյանը, նրա կինն ու «Յանս»-ի տնօրենը Սուսաննա Արիստակեսյանի հարազատներից վերցրել են 40 մլն դրամ։ 

Փաստաբանի խոսքով՝ Սուսաննայի հարազատները ստիպված են եղել վաճառել տունը, գրավադնել ոսկյա զարդերը և պարտքով գումար վերցնել: «Սակայն Սուսաննա Արիստակեսյանին արդարացնելու վճռով պարզվել է, որ անհիմն էր նրա հարազատներից 40 մլն վերցնելը»,- ասաց փաստաբանն ու հավելեց. «Հանցագործության մասին հաղորդում էր ներկայացվել դատարան՝ Սուսաննա Արիստակեսյանից 40 մլն դրամ շորթելու փաստով, գործը կարճվել էր քննիչի կողմից, հետո կարճելու դեմ բողոք էր ներկայացվել դատարան, և դատարանի որոշմամբ՝ գործը նորից ուղարկվել է քննիչին՝ վարույթը շարունակելու»։  

Մեղադրյալից  տուժողի կարգավիճակում հայտնված «Յանս»-ի նախկին հաշվապահը՝ Սուսաննա Արիստակեսյանը, մեզ հետ զրույցում ընդգծեց, որ երբ քննիչի որոշմամբ ինքն արդարացվել է, Վաչագան Ղազարյանը, կինն ու «Յանս»-ի տնօրենը չեն բողոքարկել այդ որոշումը. «Ինձ «Յանս» ռեստորանից 25 մլն դրամ յուրացնելու մեջ էին մեղադրում, սակայն այդ 25 մլն-ի հիմքերը ես 3 տարի հետո եմ կարողացել վերցնել քննիչից, որի տակ դրված էին ոչ իրավական փաստաթղթեր։ Այդ փաստաթղթերի վրա ոչ «Յանս» ռեստորան էր գրված, ոչ ՍՊԸ, ոչ էլ տնօրենի ստորագրությունը կար»։

Նարա Մարտիրոսյան