Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԺ-ն իրավասու չէ առաջին ատյանի դատարանի դատավոր ընտրելու. ՀՀ նախագահը կառարկի՞ Մնացական Մարտիրոսյանի թեկնածության դեմ

ԱԺ-ն իրավասու չէ առաջին ատյանի դատարանի դատավոր ընտրելու. ՀՀ նախագահը կառարկի՞ Մնացական Մարտիրոսյանի թեկնածության դեմ
Իրավունք
16:26, 22 ноябрь 2022
Երեկ Բարձրագույն դատական խորհուրդը հայտնեց, որ կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորների կազմում ընդգրկվելու համար հարցազրույցի փուլին մասնակցող 2 թեկնածուներից ընտրվել է դատավոր Մնացական Մարտիրոսյանը՝ 6 կողմ, 3 դեմ ձայնով:

Այս ընտրությունը մեծ դժգոհություն առաջացրեց իրավապաշտպանների և հասարակական կազմակերպությունների շրջանում, քանի որ նախկինում Մնացական Մարտիրոսյանը աղմկահարույց քաղաքական գործերով ազատազրկման է դատապարտել մի շարք քաղաքական և հասարակական գործիչների, այդ թվում՝ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ «Մարտի 1-ի» գործով։

Համացանցում նաև տեսակետներ շրջանառվեցին, թե այնուամենայնիվ Մնացական Մարտիրոսյանին Ազգային ժողովը չի ընտրի դատավոր, սակայն ԲԴԽ-ից Civic.am-ի հետ զրույցում պարզաբանեցին, որ ԱԺ-ն իրավասու չէ առաջին ատյանի դատարանի դատավոր ընտրելու։

ՀՀ Դատական օրենսգրքի 117-րդ հոդվածով սահմանված է դատավորի նշանակման կարգը, ըստ որի՝ 

1. Թեկնածուի համաձայնության դեպքում Բարձրագույն դատական խորհուրդը նրա թեկնածությունն առաջարկում է Հանրապետության նախագահին՝ ներկայացնելով նաև նրա անձնական գործը, թեկնածուի՝ դատավոր չլինելու դեպքում նրա կողմից ներկայացված և դրանց ստուգման արդյունքով ձեռք բերված փաստաթղթերը:

2. Առաջարկությունն ստանալու պահից եռօրյա ժամկետում Հանրապետության նախագահն ընդունում է ներկայացված թեկնածուին նշանակելու վերաբերյալ հրամանագիր կամ առաջարկությունն առարկություններով վերադարձնում է Բարձրագույն դատական խորհուրդ:

3. Հանրապետության նախագահի կողմից Բարձրագույն դատական խորհրդի առաջարկությունն առարկություններով վերադարձվելու դեպքում Բարձրագույն դատական խորհուրդը պարտավոր է նիստ հրավիրել:

4. Բարձրագույն դատական խորհուրդը Հանրապետության նախագահի առարկությունը չընդունելու հարցը քննարկում և որոշում է կայացնում գաղտնի քվեարկությամբ: Եթե Բարձրագույն դատական խորհուրդը չի ընդունում Հանրապետության նախագահի առարկությունը, ապա Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում ընդունում է ներկայացված թեկնածուին նշանակելու վերաբերյալ հրամանագիր կամ դիմում է Սահմանադրական դատարան:

5. Եթե Սահմանադրական դատարանը որոշում է, որ առաջարկությունը համապատասխանում է Սահմանադրությանը, ապա Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում հրամանագիր է ընդունում ներկայացված թեկնածուին նշանակելու վերաբերյալ:

6. Եթե Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում չի կատարում սույն հոդվածի 2-րդ, 4-րդ կամ 5-րդ մասերում նշված գործողությունները, ապա համապատասխան թեկնածուին նշանակելու վերաբերյալ Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով, ինչի մասին Բարձրագույն դատական խորհրդի նախագահը եռօրյա ժամկետում հրապարակում է հայտարարություն դատական իշխանության պաշտոնական կայքում։

Գեղամ Ադյան