Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եվ հիմա Մնացական Մարտիրոսյանը պիտի կոռուպցիոն գործերով Հայաստանի հանրության անունից և հանուն ՀՀ-ի արդարադատությու՞ն իրականացնի․ ո՞վ է վստահելու կոռուպցիայի դեմ այսօրինակ պայքարին․ Դանիել Իոաննիսյան

Եվ հիմա Մնացական Մարտիրոսյանը պիտի կոռուպցիոն գործերով Հայաստանի հանրության անունից և հանուն ՀՀ-ի արդարադատությու՞ն իրականացնի․ ո՞վ է վստահելու կոռուպցիայի դեմ այսօրինակ պայքարին․ Դանիել Իոաննիսյան
Քաղաքականություն
19:54, 21 ноябрь 2022
Ինչպես գիտեք, Հայաստանում ամենաշատ քաղբանտարյալներ դատած դատավոր Մնացական Մարտիրոսյանը (հայտնի է «Մացո» մականունով) քիչ առաջ ԲԴԽ-ի կողմից նշանակվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր․ ֆեյսբուքի իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միություն» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը։


««Իրազեկ քաղաքացիների միավորման» ներկայացուցիչ Վաղարշ Աղաբեկյանը, հանդիսանալով ԲԴԽ կողմից կազմակերպվող հակակռուպցիոն դատարանների դատավորների մրցույթի ազգային փորձագետ, բացասական եզրակացություն էր տվել Մնացական Մարտիրոսյանի թեկնածությանը:

Ավելին, Հակակոռուպցիոն դատավորի թեկնածուներից Մնացական Մարտիրոսյանը միակն էր, ում բարեվարքության մասին թե՜ մեր ներկայացուցիչը և թե՜ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տվել էին բացասական եզրակացություն: Մնացական Մարտիրոսյանի թեկնածությունը բացասական էր գնահատվել նաև ԲԴԽ-ի կողմից ներգրավված միջազգային փորձագետ Վիտալի Կասկոի կողմից:
Մնացական Մարտիրոսյանը, որպես դատավոր, մասնագիտական գործունեության ընթացքում ունեցել է բազմաթիվ քաղաքական քրեական գործեր, որոնց մի մասով առկա է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից արձանագրված խախտումներ: Այդ թվում, օրինակ, Նիկոլ Փաշինյանին ապօրինի ազատազրկելը:

Այդ անձի կայացրած ապօրինի դատավճիռների արդոյւնքում Հայաստանի Հանրապետությանը նաև պատճառվել է գույքային վնաս, ինչպես նաև բարոյական վնաս է հասցրել ՀՀ դատական համակարգին և խաթարել հանրային վստահությունը այդ համակարգի նկատմամբ։
Եվ հիմա Մնացական Մարտիրոսյանը պիտի կոռուպցիոն գործերով Հայաստանի հանրության անունից և հանուն Հայաստանի Հանրապետության արդարադատությու՞ն իրականացնի: Ո՞վ է վստահելու կոռուպցիայի դեմ այսօրինակ պայքարին:

ԲԴԽ-ի այս քայլը ունենալու է լուրջ հետևանքներ, որոնք այժմ քննարկում ենք գործընկեր-կազմակերպությունների հետ»,- գրել է Իոաննիսյանը։