Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԲԴԽ որ անդամներն են «կողմ» քվեարկել դատավոր Մնացական Մարտիրոսյանի՝ կոռուպցիոն հանցագործություններ քննող դատավորի պաշտոնում նշանակվելուն․ hetq.am

ԲԴԽ որ անդամներն են «կողմ» քվեարկել դատավոր Մնացական Մարտիրոսյանի՝ կոռուպցիոն հանցագործություններ քննող դատավորի պաշտոնում նշանակվելուն․ hetq.am
Հայաստան
14:52, 22 ноябрь 2022
Բարձրագույն դատական խորհուրդը երեկ հայտարարություն տարածեց, ըստ որի` տեղի է ունեցել հակակոռուպցիոն քաղաքացիական գործեր քննող և կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորների կազմում ընդգրկվելու համար դատավորների ընտրության հարցազրույցի փուլը: Հակակոռուպցիոն քաղաքացիական ուղղվածություն ունեցող 10 հավակնորդից  հարցազրույցի փուլն անցել են Աննա Շիլաջյանը և Ռուդոլֆ Ավագյանը, իսկ կոռուպցիոն հանցագործություններ քննող դատավորների կազմում ընդգրկելու համար ԲԴԽ-ն երկու թեկնածուներից նախապատվությունը տվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանին:

Իրավաբանական հանրության շրջանում երեկվանից տարակուսանք է առաջացրել հատկապես Մնացական Մարտիրոսյանի ընտրությունը: Նա ընկալվում է որպես իշխանությունների «պատվեր կատարող» դատավոր: Հիմնականում Մնացական Մարտիրոսյանի դատավճիռներ, որոշումներով են իրականացվել քաղաքական գործիչների դատապարտումներն ու կալանավորումները, այդ թվում նախկինում ընդդիմադիր, այժմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ազատազրկումը, «Մարտի 1»-ի գործով քաղաքական գործիչների ազատազրկումները և այլն:  Հետագայում այդ դատական ակտերը հասել են մինչև Մարդու իրավունքների Եվրոպական դատարան և ընդդեմ Հայաստանի վճիռներ կայացվել:

ՄԻԵԴ-ի վճիռներից մեկի հիմքով, որը վերաբերում էր ԲԴԽ նախագահի նախկին պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի եղբորը, կարգապահական վարույթ էր հարուցվել Մնացական Մարտիրոսյանի նկատմամբ: Սակայն 2022թ. նոյեմբերի 3-ին ԲԴԽ-միջնորդության քննությունը թողեց առանց քննության՝ ԲԴԽ-ում հարցի քննության օրենքով սահմանված ժամկետը լրացած լինելու հիմքով:

Նշենք, որ նախկինում ԲԴԽ-ն չէր հրապարակում, թե հավակնորդներից կամ թեկնածուներից ում քանի կողմ-դեմ ձայն է տրվել: Երեկվա հայտարարության մեջ նշված էր, որ Աննա Շիլաջյանի օգտին քվեարկել է ԲԴԽ 7 անդամ, դեմ` 2: Մնացական Մարտիրոսյանն ու Ռուդոլֆ Ավագյանը ստացել են 6-ական կողմ և 3 դեմ ձայներ:

«Հետք»-ին հայտնի դարձավ, որ Մնացական Մարտիրոսյանի թեկնածությանը դեմ են քվեարկել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, անդամներ` Երանուհի Թումանյանցն ու Վիգեն Քոչարյանը: Քանի որ ընտրությունը փակ է եղել, ԲԴԽ անդամները չեն բացահայտում անվանական քվեարկության արդյունքները: Սակայն, ձայների հարաբերակցությունը հրապարակվել է հատկապես Մ. Մարտիրոսյանի գործոնով պայմանավորված` ցույց տալու համար, որ նրա ընտրությունը հարթ չի անցել և բոլորը չէ, որ կողմ են քվեարկել:

Ովքեր էին հավակնորդ թեկնածուները

Հարցազրույցի փուլում Մնացական Մարտիրոսյանի հետ ԲԴԽ-ում «մրցել» է փաստաբան Սոֆի Թորոսյանը: Նա որակավորման գրավոր քննության արդյունքում ամենաբարձր միավոր ստացած մասնակիցն է եղել: Հենց իր ստացած միավորի արդյունքում է անցել հարցազրույցի փուլ և ԲԴԽ անդամների ընտրության արդյունքում պարտվել Մարտիրոսյանին:

Հակակոռուպցիոն քաղաքացիական գործեր քննող դատավորների ընտրության հարցազրույցի փուլը հաղթահարած երկու հավակնորդներից Աննա Շիլաջյանը Դատական դեպարտամենտի դատավորներին և թեկնածուներին առնչվող հարցերի վարչության պետն է:

Աննա Շիլաջյանի ամուսինը եղել է ՊԵԿ ներքին անվտանգության վարչության օպերատիվ փնտրողական և պարզաբանման բաժնի գլխավոր մաքսային տեսուչ, իսկ ամուսնու քույրը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Սարգսյանն է:

Ինչ վերաբերում է ընտրված թեկնածուներից Ռուդոլֆ Ավագյանին, ապա վերջինս ընտրված թեկնածուներից Աննա Շիլաջյանի տալոջ` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Սարգսյանի օգնական է:

Նրա 2021թ. եկամուտը, ըստ հայտարարագրի, կազմել է 3 մլն 744 հազար դրամ: Որպես կանխիկ գումար հայտարարագրել է 85 հազ. ԱՄՆ դոլար: Իսկ բանկային հաշվում ունեցել է մոտ 778 հազ. դրամ:

Մանրամասները՝ hetq.am