Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եկող տարվանից ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները. Հնարավոր կլինի խմբագրել դրանք, ապա տրամադրել ՊԵԿ-ին․ ոչ լիարժեք հայտարարագիր ներկայացնելու դեպքում սահմանված է պատասխանատվություն

Եկող տարվանից ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները. Հնարավոր կլինի խմբագրել դրանք, ապա տրամադրել ՊԵԿ-ին․ ոչ լիարժեք հայտարարագիր ներկայացնելու դեպքում սահմանված է պատասխանատվություն
Իրավունք
14:27, 25 ноябрь 2022
Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր կայացավ աշխատանքային քննարկում Կառավարության՝ ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրում նախատեսող օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ:

Բաբկեն Թունյանը նշեց, որ օրենքի նախագիծն արդեն ուղարկվել է Ազգային ժողով, և նախատեսվում է այն ընդունել մինչև այս տարվա վերջը։

Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը, ներկայացնելով նախագիծը, ասաց, որ նախատեսվում է 2023 թվականից սկսած՝ փուլային եղանակով ներդնել ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը։ Հայտարարագրերը, ըստ նախագծի, ներկայացվելու են տարեկան պարբերականությամբ, և հայտարարագրերի նախագծերը պատրաստվելու են Պետական եկամուտների կոմիտեի կողմից՝ իր տեղեկատվության տակ եղած ինֆորմացիայի հիման վրա։ Հայտարարատուները հնարավորություն են ունենալու խմբագրելու, լրացնելու դրանք, ապա տրամադրելու ՊԵԿ-ին։

Այս գործընթացը տեղի է ունենալու փուլերով և ներառվելու է երկու խումբ։ Առաջին խմբում հայտարարատու են լինելու նաև այն անձինք, ովքեր հիմա էլ, ելնելով իրենց պաշտոնից կամ փոխկապակցված լինելով հայտարարատու պաշտոնյայի հետ, լրացնում են հայտարարագիր։

Առայժմ որոշված չէ, թե հայտարարագրերը ներկայացնելու են ՊԵԿ-ի՞ն, թե՞ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, սակայն այդ կառույցները հնարավորություն են ունենալու հասանելիություն ունենալ այդ հայտարարագրերին։

Առաջին փուլի հայտարարատուների երկրորդ խումբը լինելու են ձեռնարկատիրական  միավորների հետ որևէ կերպ փոխկապակցված անձինք։ Խոսքը վերաբերելու է ֆիզիկական անձանց, ովքեր մասնակից կամ բաժնետեր են մի ընկերությունում, որը հայտարարագրման տարվա համար ունեցել է մեկ միլիարդ դրամ և ավելի իրացման շրջանառություն, կամ 20 միլիոն դրամ և ավելի ծավալով փոխառություն է ստացել ռեզիդենտ առևտրային կազմակերպությունից, կամ համարվում է իրական շահառու որևէ ռեզիդենտ առևտրային կազմակերպությունում։

Հաջորդ՝ երկրորդ փուլում, ինչպես նշեց նախարարի տեղակալը, նախատեսվում է այս հանրույթին միացնել նաև անձանց, ովքեր քաղաքացիա իրավական պայմանագրով աշխատանքներ են կատարում կամ ծառայություններ են մատուցում, սակայն ներգրավված չեն առաջին խմբում, և անձանց, ովքեր աշխատանքային պայմանագրերով համարվում են վարձու աշխատողներ և ներառված չեն եղել առաջին խմբում։ Երրորդ՝ վերջին տարում, հայտարարատու են դառնալու նաև մնացած ռեզիդենտ քաղաքացիները։

Երրորդ փուլի մասով Կառավարության ներկայացուցիչը ուշադրություն հրավիրեց հանգամանքին, որ սա դեռ Կառավարության վերջնական առաջարկը չի, որովհետև անչափահասների՝ հայտարարատու լինելու նպատակահարմարության հարց կա, և գուցե որոշվի, որ անչափահասները այս երեք տարիների ընթացքում չպետք է լինեն հայտարարատուներ։ Նախատեսվում է նաև ներդնել մոտիվացիոն բաղադրիչ՝ ի դեմս սոցիալական ծախսերի։ Կրթության և առողջապահության  գծով կատարվող փաստաթղթով հիմնավորված ծախսերի մասին է խոսքը, որոնք հնարավոր է լինելու նվազեցնել եկամտային հարկի գումարից։
 
Այս նախագծի հիմնական նպատակները երեքն են։ Առաջինը ֆիզիկական անձանց  անձնավորված հաշվառման  համապարփակ տվյալների բազայի ստեղծումն է։ Սա կլուծի նաև տարբեր ոլորտային քաղաքականություններ մշակելու ժամանակ հասցեականության խնդիրը։ «Չկարողանալով լավ ճանաչել մեր քաղաքացիներին կամ առանձին խմբերին՝ մենք հաճախ չենք կարողանում մեր այս կամ այն  քաղաքականությունը կամ աջակցության այս կամ այն ծրագիրը լավ հասցեավորել»,- ասաց Արման Պողոսյանը։
Երկրորդ նպատակը, ինչպես նշեց նախարարի տեղակալը, սոցիալական բաղադրիչի ամրագրումն է, որպես նաև մարդկային կապիտալում կատարվող ներդրումների խրախուսման քաղաքականություն։ «Իհարկե, երկրորդ նպատակն ունի նաև ածանցյալ էֆեկտ, որի մասին չենք թաքցնում ու խոսում ենք՝ ակնկալիքն այն է, որ երբ այս ծախսերը սկսեն ավելի լիարժեք փաստաթղթավորվել, մենք նաև հնարավորություն կունենանք առողջապահական ծառայություններ մատուցողներին կամ կրթական ծառայություններ մատուցողներին ավելի շատ ուշադրության կենտրոնում պահել, և նրանց իրացման շրջանառությունների իրական ծավալների հայտարարագրման ուղղությամբ կարևոր քայլ կլինի այս փաստաթղթավորումը»,- նշեց Պողոսյանը։ 
Երրորդ նպատակը, ինչպես ներկայացրեց նախարարի տեղակալը, ավելի փիլիսոփայական, մտածողության փոփոխության հանգեցնող նպատակ է։ Այն է՝ հարկերի վճարման մշակույթի ներդրումն ու ամրապնդումը։ 
Հայտարարագրերը ոչ ժամանակին կամ ոչ լիարժեք ներկայացնելու դեպքում սահմանված է պատասխանատվություն։ «Պատասխանատվության շրջանակը, որը դրված է օրենքի նախագծում, նույնպես քննարկման ենթակա հարց է»,- եզրափակեց Պողոսյանը։