Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռոբերտ Քոչարյանը լուրջ հիվա՞նդ է․ նա արդեն մոտ մեկ ամիս չի գնում դատարան․ նիստը հերթական անգամ հետաձգվեց

Ռոբերտ Քոչարյանը լուրջ հիվա՞նդ է․ նա արդեն մոտ մեկ ամիս չի գնում դատարան․ նիստը հերթական անգամ հետաձգվեց
Իրավունք
17:05, 07 март 2023
ՀՀ 2–րդ նախագահ, 3 մլն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի գործով դատական նիստն այսօր հերթական անգամ չկայացավ։

Փաստաբանական խումբը հայտարարել է, թե Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր հետաձգեց դատական նիստը, քանի որ առողջական խնդիրներով պայմանավորված՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի ներկայացել դատարան։ Նշենք, որ Քոչարյանն արդեն մոտ մեկ ամիս նույն պատճառաբանությամբ չի գնում դատարան։ Այս դատական նիստը հետաձգվում է տարիներ շարունակ։ 

Նշենք, որ ըստ մեղադրանքի՝  Ռոբերտ Քոչարյանը Սիլվա Համբաձումյանի ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927․000․000 ՀՀ դրամին համարժեք 3․000․000 ԱՄՆ դոլար կաշառք։

Արմեն Գևորգյանը վերոնշյալ գործարքի շրջանակներում Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ Սիլվա Համբարձումյանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 309․000․000 ՀՀ դրամին համարժեք 1․000․000 ԱՄՆ դոլար կաշառք և օրինականացրել է ստացված եկամուտները:

Հիշեցնենք, որ փետրվարի 14–ին ևս դատական նիստը հետաձգվել էր նույն հիմքով՝ Քոչարյանը նիստին չէր ներկայացել առողջական խնդիրերով պայմանավորված։ Նույն հիմքով դատական նիստը հետաձգվել էր նաև դեկտեմբերի 20–ից մինչև հունվարի 31–ը։

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 18-ին, ժամը 13։00-ին։