Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռոբերտ Քոչարյանին և Արմեն Գևորգյանին սպառնում է մինչև 12 տարի ժամկետով ազատազրկում. դատախազը հրապարակեց կաշառքի գործով մեղադրական եզրակացությունը

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, շարունակվում է 3 մլն դոլար կաշառքի մեղադրանքով Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։

Այսօրվա նիստի ժամանակ մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանն ընթերցեց մեղադրական եզրակացությունը։

Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, որը նախատեսում է  պատասխանատվություն առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու համար։ Նշված հոդվածի 4-րդ մասի սանկցիան որպես պատիժ նախատեսում է ազատազրկում  7-12 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ։

Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը) առանձնապես խոշոր չափերով) նախատեսված հանրորեն վտանգավոր արարքների համար։  190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքի համար անձը պատժվում է ազատազրկմամբ՝ 6-12 տարի ժամկետով։

  Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է այն արարքների համար, որ նա, 1998 թվականի ապրիլի 9-ից մինչև 2008 թվականի ապրիլի 8-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար 2008 թվականի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերի՝ 927.000.000 ՀՀ դրամին համարժեք 3.000.000 ԱՄՆ դոլար կաշառք։

Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2006 թվականի փետրվարից մինչև 2008 թվականի ապրիլի 21-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնները, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, հանդիսանալով պետական մարմնում մշտապես կազմակերպչական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ՝ «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից ու տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վճարելու գործարքին չխոչընդոտելու համար 2008թ. ապրիլին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերի՝ 309.000.000 ՀՀ դրամին համարժեք 1.000.000 ԱՄՆ դոլար կաշառք, ինչպես նաև նույն ժամանակ թաքցնելով ու խեղաթյուրելով նշված գումարի իրական բնույթն ու ծագումը՝ օրինականացրել է առանձնապես խոշոր չափերի հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները։