Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չի կարելի անձեռնմխելիության հիմքով ամբողջ գործը կարճել․ դատախազը հակադարձեց Քոչարյանի պաշտպանների միջնորդությանը

Չի կարելի անձեռնմխելիության հիմքով ամբողջ գործը կարճել․ դատախազը հակադարձեց Քոչարյանի պաշտպանների միջնորդությանը
Իրավունք
14:21, 24 август 2021
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ, այժմ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։ 

Նախորդ նիստում Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդեց, որ դատարանը դիմի ՍԴ՝ Արմեն Գևորգյանի անձեռնմխելիության հաղթահարման հարցով։ Դատավոր Աննա Դանիբեկյանը միջնորդության քննությունը հետաձգել էր՝ պարզելու համար, թե պաշտպանական կողմը ՍԴ ի՞նչ դիմում է ներկայացվելու։ Այսօրվա նիստում դատավորը հայտնեց, որ դիմել է ՍԴ աշխատակազմին, որտեղից պատասխանել են, որ դիմում չեն ստացել։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն էլ, ներկայացնելով միջնորդություն՝ նշեց, որ 2021 թվականի օգոտսոսի 17-ի նիստի ընթացքում Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի կողմից ներկայացվել է միջնորդություն՝ Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ, հիմք ընդունելով պարոն Գևորգյանի ԱԺ պատգամավոր ընտրվելու և դրանով պայմանավորված ընթացակարգային անձեռնմխելիություն ձեռք բերելու հանգամանքը։

Նա միջնորդեց սույն փաստաթղթում արտահայտած հիմնավորումները դիտարկել որպես դիրքորոշում՝ կապված պարոն Ալեքսանյանի միջնորդության հետ և կասեցնել վարույթը՝ մինչև Արմեն Գևորգյանի չհաղթահարված պատգամավորական անձեռնմխելիությամբ օժտված լինելու հիմքով մինչև ԱԺ-ի համաձայնության ստացումը կամ մինչև Արմեն Գևորգյանի պատգամավորական մանդատի ավարտը։

«Կամ, եթե դատարանի կողմից այս հարցի քննարկման արդյունքում դատարանը գտնելու է, որ կիրառելու է Քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասին 18-րդ կետը, եթե դատարանն այդ կետով առաջնորդվի, խնդրում եմ դիմել ՍԴ՝ Քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, ՀՀ Քր․ դատ․օրի 6-րդ հոդվածի լույսի ներքո մեկնաբանմամբ, ՀՀ Սահմանադրության 4-րդ, 6-րդ և 96-րդ հոդվածներին համապաատսխանելու հարցերի լուծման վերաբերյալ»,-առաջարկեց Հովհաննես Խուդոյանը։  

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը և Արմեն Գևորգյանը մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով` Քոչարյանը 3 միլիոն դոլար, իսկ Արմեն Գևորգյանը՝ 1 միլիոն դոլար, կաշառք ստանալու մեջ, Արմեն Գևորգյանը՝ նաև հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։