Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արմեն Գևորգյանի անձեռնմխելիության հարցով ՍԴ դիմելու որևէ հիմք մատնանշված չէ. դատախազը՝ Գևորգյանի պաշտպանի միջնորդության մասին

Արմեն Գևորգյանի անձեռնմխելիության հարցով ՍԴ դիմելու որևէ հիմք մատնանշված չէ. դատախազը՝ Գևորգյանի պաշտպանի միջնորդության մասին
Հայաստան
15:46, 17 август 2021
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ, այժմ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։ 
Այսօրվա նիստում Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդեց, որպեսզի դատարանը դիմի ՍԴ՝ Արմեն Գևորգյանի անձեռնմխելիության կարգավորման հարցով։

Հայտնելով իր դիրքորոշումը՝ մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանն ասաց, որ այստեղ որպես միջնորդություն ներկայացվեց ՍԴ դիմելու և այդ հարցը քննարկելու սահմանադրական նորմի համատեքստում, և հետագայում  փորձ կատարվեց ներկայացնելու, որ կա որևէ նորմ, որը դատարանի կողմից պարտադիր կիրառման ենթակա է, և այն հակասում է Սահմանադրությանը։ 

«Ամբողջ միջնորդությունը նվիրված է սահմանադրական նորմերի մեկնաբանությանը։ Եվ այն ենթադրյալ բացը, որին դժվար է օրենսդրական բաց ասել, քանի որ այդ բացը վերաբերում է Սահմանադրությանը, սահմանադրական կարգավորումներին, որ տվյալ իրավիճակում չի նախատեսվում ԱԺ-ից ստանալ համաձայնություն պատգամավորի նկատմամբ արդեն իսկ հարուցված  հետապնդումը շարունակելու կամ դադարեցնելու վերաբերյալ, փորձ կատարվեց ներկայացնել, որ այն բաց է Քրեական դատավարության օրենսգրքում»,- ասաց Պետրոս Պետրոսյանը։ 

Դատախազը նշեց, որ այստեղ որևէ սահմանադրական արդարադատության խնդիր առկա չէ, Քրեական դատավարության ոչ մի նորմ, որը կիրառման ենթակա կլինի դատարանի կողմից, Սահմանադրության հետ հակասության որևէ խնդիր առկա չէ, ընդամենը միջնորդությունը նվիրված էր սահմանադրական նորմերի մեկնաբանմանը, այդ  նորմերի մեկնաբանումը կարող է տրվել նաև դատարանի կողմից, և իրենց կողմից արդեն իսկ այդ մեկնաբանությունը տրվում է՝ պատճառաբանություններով։
 Դատախազի խոսքով՝ այս համատեքստում դատարանի կողմից ՍԴ դիմելու անհրաժեշտություն չկա, և միջնորդությունն այդ մասով որևէ պատճառաբանություն չէր պարունակում։ 

«Դատարանը որևէ հակասահմանադրականության հարց չի կարող բարձրացնել, քանի որ ըստ էության քննարկվում է սահմանադրական նորմերի մեկնաբանումը, Մայր օրենքում՝ Սահմանադրության մեջ, առկա կարգավորումների կիրառումը, և այնքանով, որքանով որևէ նորմի սահմանադրականության հարց չի բարձրացվել, ՍԴ դիմելու որևէ հիմք մատնանշված չէ, հետևաբար այն ենթակա է մերժման»,- ասաց Պետրոս Պետրոսյանը։ 

Լսելով կողմերի դիրքորոշումները՝ դատավոր Աննա Դանիբեկյանը միջնորդության քննությունը հետաձգեց՝ պարզելու համար, թե ՍԴ ինչ դիմում է ներկայացվելու։ 
Իսկ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն էլ նկատեց, որ եթե  դատավորն ունի կասկածներ անձեռնմխելիության վերաբերյալ,  ապա հենց ինքը պիտի դիմի ՍԴ՝  հարցը հստակեցնելու համար:
Հաջորդ դատական նիստը կկայանա օգոստոսի 24-ին, ժամը 13.00-ին։