Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պատգամավորները ընդունել են Թաթոյանի դիտարկումը. «անանուն աղբյուր» տերմինը կփոխարինեն «չնույնականացված աղբյուր»-ով

Պատգամավորները ընդունել են Թաթոյանի դիտարկումը. «անանուն աղբյուր» տերմինը կփոխարինեն «չնույնականացված աղբյուր»-ով
Իրավունք
17:26, 19 февраль 2021
Խորհրդարանում քննարկվել են «Զանգվածային լրատվության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները: Ազգային ժողով են հրավիրվել ՄԻՊ Արման Թաթոյանն ու կառույցի աշխատակազմի ներկայացուցիչներ:

Նախագծի համահեղինակ Արթուր Հովհաննիսյանը, ներկայացնելով օրենքում նախատեսվող փոփոխությունները, նշել է դրանք կատարելու շարժառիթը. «Արգելվելու է  լրատվամիջոցներին տեղեկություն հրապարակելուց հղում տալ անանուն աղբյուրների: Չգովազդել անհայտ ծագում ունեցող լրատվամիջոցներին, ստուգել տեղեկատվությունը մատուցելուց առաջ»:

Ըստ Արման Թաթոյանի՝ մասնագետների կողմից թյուրըմբռնման տեղիք է տվել «անանուն աղբյուր» տերմինը: Այն ասոցացվում է լրագրողի՝ աղբյուրը չբացահայտելու հայտնի դրույթի հետ. թերի է նաեւ ներկայացված նախագծի հիմնավորումը: Այն չի բացահայտում իրական նպատակները եւ սխալ ըմբռնման պատճառ է հանդիսացել:

Պատգամավորները պնդել են, որ փոփոխությունը լրատվամիջոցների գաղտնի աղբյուրներին չի վերաբերում եւ ընդունելով Թաթոյանի դիտարկումը՝ «անանուն աղբյուր» տերմինը կփոխարինեն «չնույնականացված աղբյուր» տերմինով: Նրանք ընդգծել են, որ նախագծում չի  լինի դրույթ, որը կսահմանափակի խոսքի ազատությունը:

ՄԻՊ-ը նաեւ նշել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկվող տուգանքները չեն նախատեսում անհատական մոտեցման հնարավորություն եւ կարող են հանգեցնել լրագրողի գործունեության նկատմամբ անհամաչափ միջամտության:

Նշվում է, որ ՄԻՊ-ի հետ աշխատանքային քննարկումները կշարունակվեն. նախատեսվում են նաեւ հանրային լսումներ: