Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արամ Վարդանյանի (Վստրեչի Ապեր) ներկայացուցիչները միջնորդեցին դատախազության հայցն առանց քննության թողնել. Iravaban.net

Արամ Վարդանյանի (Վստրեչի Ապեր) ներկայացուցիչները միջնորդեցին դատախազության հայցն առանց քննության թողնել. Iravaban.net
Իրավունք
18:24, 18 май 2023
Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում այսօր՝ մայիսի 18-ին, շարունակվեց Արամ Վարդանյանի (հայտնի է «Վստրեչի Ապեր» անվամբ), նրա որդու և դստեր դեմ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ներկայացրած հայցադիմումի քննությունը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նիստի սկզբում նախագահող դատավոր Կարապետ Բադալյանը կողմերից դիրքորոշում հարցրեց դատական նիստը լուսանկարահանելու և տեսանկարահանելու վերաբերյալ։ Ինչպես պատասխանող Արամ Վարդանյանը, որը ներկայացել էր նիստին, այնպես էլ պատասխանողների ներկայացուցիչներ Լուսինե Սահակյանը և Արամազդ Կիվիրյանը նշեցին, որ առարկում են։ Վերջինիս խոսքով՝ իրենք մնում են այն կարծիքին, որ նիստը պետք է դռնփակ անցկացվի, քանի որ գործում առկա են «տարաբնույթ գաղտնի տեղեկություններ», այդ թվում՝ անչափահասի վերաբերյալ։

Դատարանը, ի պատասխան փաստաբանի հայտարարության, նշեց, որ գործը դռնփակության կարգով քննելու վերաբերյալ դատարանը արդեն իսկ իր դիրքորոշումը հայտնել է, մերժել է պատասխանող կողմի ներկայացրած միջնորդությունը։

Արամ Վարդանյանը դատարանում հայտարարեց, որ ինքը նույնպես առարկում է․ «Տեսանկարահանել, նկարահանել, ձայնագրել, գաղտնի նկարահանել։ Ամեն ինչին էլ առարկում եմ»։

Կարապետ Բադալյանը լրագրողների ներկայացրած միջնորդությունը բավարարեց մասնակի, թույլատրեց տեսանկարահանել միայն դատարանին և հայցվոր կողմին, սակայն ոչ պատասխանող կողմին։

Այնուհետև Արամազդ Կիվիրյանը միջնորդեց հայցն առանց քննության թողնել։ Պատասխանող կողմը ներկայացրեց, որ դատախազության ներկայացուցիչ հանդես եկող անձինք լիազորված չեն հայցվորի անունից հանդես գալու համար։ Փաստաբանը՝ ելնելով վերոգրյալից, կարծում է, որ նախորդ նիստերին, որպես այդպիսին, հայցվոր կողմի ներկայացուցիչ չի մասնակցել։

«Դատարանին չի ներկայացվել հայցադիմումը ստորագրած անձի, Նելլի Տեր-Թորոսյանի լիազորությունները հաստատող փաստաթուղթը, լիազորագիրը։ Ստացվում է, որ հայցադիմումը ստորագրել է դրա լիազորությունները չունեցող անձը և հետագայում՝ ներկայանալով դատական նիստերին, Նելլի Տեր-Թորոսյանի կողմից չի ներկայացվել լիազորագիր, ներկայացվել է վկայական, իսկ վարչության տնտեսագետի կողմից ներկայացվել է գրությունը, որը չի կարող համարվել լիազորագիր»,-նշեց Արամազդ Կիվիրյանը և խնդրեց հայցը թողնել առանց քննության։

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում