Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հակակոռուպցիոն դատարանում 2023 թվականի հունվարի դրությամբ վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ 26-րդ հայցադիմումը

Հակակոռուպցիոն դատարանում 2023 թվականի հունվարի դրությամբ վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ 26-րդ հայցադիմումը
Իրավունք
18:02, 14 февраль 2023
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված կառուցակարգերի սահմանման նպատակով Ազգային ժողովի կողմից դեռևս 2020 թվականի ապրիլի 16-ին ընդունվել էր «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ իրականացնելու մասին օրենքները: Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։

Օրենքը կարգավորում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի հետ կապված հարաբերությունները, սահմանում է ուսումնասիրություն սկսելու հիմքերը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթ հարուցելու և ուսումնասիրություն իրականացնելու իրավասու մարմինների շրջանակը, ինչպես նաև կարգավորում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հետ կապված այլ հարաբերություններ:

Գույքը համարվում է ապօրինի ծագում ունեցող, եթե չի հիմնավորվում օրինական եկամուտներով՝ անկախ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի ուժի մեջ մտնելուց առաջ կամ հետո ձեռք բերված լինելու հանգամանքից:

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացն իրականացվում է քաղաքացիադատավարական ընթացակարգերով:

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի գործարկման նպատակով 2020 թվականի սեպտեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության կազմում ստեղծվել է պատասխանատու ստորաբաժանում՝ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունում 2022 թվականին ստացվել է ընդհանուր 75 նյութ՝ 84 անձի հնարավոր ապօրինի ծագում ունեցող գույքի պատկանելիության վերաբերյալ, որոնց առնչությամբ կայացվել է ուսումնասիրություն սկսելու մասին 77 որոշում, իսկ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում ձեռք բերված տվյալներով նախաձեռնվել է 2 ուսումնասիրություն։

Միաժամանակ, հարկ է նշել, որ Հակակոռուպցիոն դատարանում 2023 թվականի հունվարի դրությամբ վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ 26-րդ հայցադիմումը:

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության մասնագիտական բարձր պատրաստավածությունն ապահովելու նպատակով նշված վարչության դատախազները պարբերաբար անցնում են վերապատրաստումներ՝ ինչպես տեղի այնպես էլ միջազգային փորձագետների կողմից: