Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հաստատում եմ՝ ինձ զանգահարել է Վիգեն Ազատյանը․ Աշոտ Փաշինյանը՝ բողոքը հետ վերցնելու պահանջի և քրգործին խոչընդոտելու մասին

ՀՀ վարչապետի որդուն՝ Աշոտ Փաշինյանին առևանգելու մեջ մեղադրվող Գայանե Հակոբյանի գործով նիստի ժամանակ այսօր մեղադրող  դատախազ Արթուր Դանիելյանն ասաց, որ Վերաքննիչ դատարանը կայացրել է տրամաբանությունից զուրկ որոշում:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Վերաքննիչ քրեական դատարանը որոշում է կայացրել  բավարարել Աշոտ Փաշինյանի առևանգման գործով մեղադրյալ Ազգուշ Մարտիրոսյանի (Գայանե Հակոբյան) կալանքը տնային կալանքով փոխարինելու միջնորդությունը։

Այնուհետև դատախազն ասաց, որ եթե վերաքննիչ դատարանը կիրառում է տնային կալանք, ապա պետք է սահմանափակումներ իրականացնի։

Դատախազի խոսքով՝ Վերաքննիչ դատարանի տրամաբանությամբ ստացվում է, որ մեղադրյալն ուղղակի կարող է հեռախոսազանգի միջոցով խոչընդոտել քրեական գործին, ինչպիսի դեպքերը առկա են, սույն քրեական գործում ներկայացվել են նշվածը հիմնավորող փաստական տվյալներ, որոնք մասնավորապես եղել են առաջին ատյանի քրեական դատարանի կալանքի կիրառման ժամանակ։

«Մասնավորապես Վիգեն Ազատյանն իր հեռախոսազանգով նշել է, որ եթե այս անգամ չհաջողվեց քեզ տանենք Եռաբլուր, ապա մյուս անգամ հաստատ հաջողելու եմ։ Բացի դրանից, ցանկանում եմ նշել, որ նշվածը ոչ միայն պահպանվել է, այլև ավելացել է։ Նախաքննությամբ պարզվել է  հետևյալը, որն առկա է նաև մեղադրական եզրակացության մեջ, որ դեպքից հետո Վիգեն Ազատյանը զանգահարել է տուժող Աշոտ Փաշինյանին և նշել հետևյալը. «Ուրեմն, Աշոտ, մենք գիտենք, որ դու քո ծնողների հետ չես, մեր թշնամիների հետ չես, տես ոնց ենք կազմակերպում, էսօր լրատվականով պիտի հղում խոսայիր, դու չուզիր դա անես, ո՞նց ենք դա կազմակերպում, որ ասես, որ իրանց հետ ընդհանրապես կապ չունես, որ մեր խոսքը համապատասխանում ա»,- ասաց դատախազը։

Նշենք, որ Վիգեն Ազատյանը 44-օրյա պատերազմում զոհվածի ծնող է, որը մասնակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ իրականացվող քաղաքական ակցիաներին։

Դատախազի խոսքից հետո դատավորը Աշոտ Փաշինյանին հարցրեց դիրքորոշումը ներկայացվածի վերաբերյալ, ինչին ի պատասխան Աշոտ Փաշինյանն ասաց. «Ասելու բան չունեմ, ըստ էության մասնագիտական հարց է։ Ես այս հարցում դիրքորոշում չունեմ, մասնագիտական է։ Ես, ըստ էության, հաստատում եմ մեղադրողի ասածը։ Այո՛, ինձ զանգահարել է Վիգեն Ազատյանը, որն այդ օրը Ազգուշ Մարտիրոսյանի հետ գտնվում էր դատարանի մոտ, նաև բողոքը հետ վերցնելու մասին փաստն եմ հաստատում»։

Նշենք, որ Աշոտ Փաշինյանը դատարան է ներկայացել առանց պաշտպանի։  

Հիշեցնենք, որ Ազգուշ Մարտիրոսյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանը նախկինում եղել է 2008 թվականի Մարտի 1-ից հետո հայտնի «Յոթի գործով» մեղադրող դատախազ։
 
Մանրամասները՝ տեսանյութում