Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սերգո Կարապետյանը ճիշտ որոշում է կայացրել․ Սերժ Սարգսյանը՝ մոտ կես մլրդ դրամ հափշտակության մեղադրանքի մասին

Սերգո Կարապետյանը ճիշտ որոշում է կայացրել․ Սերժ Սարգսյանը՝ մոտ կես մլրդ դրամ հափշտակության մեղադրանքի մասին
Իրավունք
14:45, 10 август 2023
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր՝ օգոստոսի 10-ին, ընթացավ է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամ:

Սերժ Սարգսյանը իր ցուցմունքում նշեց. «Ես առանձնապես ասելիք չունեմ, որովհետև դատաքննության ամբողջ ընթացքը, իմ կարծիքով, հստակ ապացուցեց, որ Սերգո Կարապետյանը ճիշտ որոշում է  կայացրել, և եթե նա այդպիսի որոշում չկայացներ, ապա պատասխանատվություն կկրեր այն ժամանակ և ոչ հիմա։ Տեղի է ունեցել հետևյալը. այդ ծրագիրը կարող էին իրականացնել 2 ընկերություններ, և նա այդ ընկերություններից ընտրել է այն ընկերությունը, որը ավելի ցածր գին է առաջարկել։ Ես, անկեղծ ասած, ուրախ չեմ պաշտպանելու այն մարդուն, ով զրպարտել  է ինձ, բայց իրականությունը դա է»։

Բարսեղ Բեգլարյանի հետ հարաբերությունների հետ կապված Սերժ Սարգսյանը ասաց. «Բարսեղ Բեգլարյանին ճանաչում եմ 1971 թվականից, և այդ թվականից սկսած մենք ընկերներ ենք»։

Սարգսյանի խոսքով՝ Սերգո Կարապետյանը իրեն հարցրել է, թե ում վստահել ծրագրի իրականացումը, իսկ ինքը պատասխանել է, որ ծրագիրը պետք է իրականացվի ժամանակին և որակով։  

Նշենք, որ այժմ գործով ամբաստանյալների հարցաքննության փուլն է: Նախորդ նիստին հարցաքննվել է «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը:

Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը։ Ըստ ծավալուն մեղադրանքի, 2013 թվականի հունվարի 24-ի որոշմամբ Հայաստանի կառավարությունը հաստատել է հողօգտագործողներին գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը: Դրա շրջանակում նախատեսվել է մարզպետարանների և Գյուղատնտեսության նախարարությանը պատկանող կազմակերպությունների ներկայացրած հայտերի հիման վրա հողօգտագործողներին վաճառել ավելի քան 17 միլիոն լիտր դիզելային վառելիք: Վառելիք մատակարարելու ցանկություն են հայտնել մի շարք, այդ թվում` «Մաքսհուր» և «Ֆլեշ» ընկերությունները:

Ամենաէժան գնային առաջարկը ներկայացրել է «Մաքսհուր» ընկերությունը, որի ներկայացուցչի հետ քննարկումներից հետո Գյուղատնտեսության նախարարության պաշտոնատար անձանց կողմից որոշվել է որպես մատակարար հենց այս ընկերության տվյալները ներկայացնել կառավարության հաստատմանը:

Ինչպես նշվում է ՀՔԾ հաղորդագրությունում, Սերժ Սարգսյանը տեղյակ է եղել, որ ավելի էժան գնով վառելիք է առաջարկում հենց այս ընկերությունը, գիտակցել է, որ ավելի բարձր գին առաջարկած «Ֆլեշ» ընկերության հետ դիզելային վառելիքի մատակարարման սուբսիդիայի պայմանագիր կնքելու հետևանքով պետությունից անհիմն ելքագրվելու են առանձնապես խոշոր չափերով գումարներ:

Եվ անտեսելով այս հանգամանքը, նախկին նախագահը «Ֆլեշ» ընկերության համար գործարքից առավելագույն շահույթ ապահովելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, իր ենթակայության ներքո գտնվող մի խումբ պաշտոնատար անձանց միջոցով կազմակերպել է կառավարությանը վստահված, պահուստային ֆոնդում գտնվող առանձնապես խոշոր չափերով գումարի` վատնելու եղանակով հափշտակության կատարումը, մասնավորապես` հանձնարարել է իրենից փաստացի ծառայողական կախվածության մեջ գտնվող պաշտոնատար անձանց՝ անկախ ստացված էժան գնային առաջարկներից, որպես մատակարար ընտրել «Ֆլեշ» ընկերությանը և մատակարարման պայմանագիրը կնքել այդ ընկերության հետ:

Սրա հետևանքով, կառավարության որոշմամբ պահուստային ֆոնդի հաշվից ավելի քան 17 միլիոն լիտր դիզելային վառելիքի մատակարարման համար Գյուղատնտեսության նախարարությանն է տրամադրվել մոտ ավելի քան 1 միլիարդ 700 միլիոն դրամ, որն էլ փոխանցվել է «Ֆլեշ» ընկերության բանկային հաշվին:

Հետագայում, կառավարությունը որոշել է հատկացվող վառելիքի քանակն ավելացնել ևս 302 հազար լիտրով, իսկ տրամադրված գումարի չափն ավելացնել ավելի քան 31 միլիոն դրամով: Ավելացված գումարը ևս փոխանցվել է «Ֆլեշ» ընկերությանը:

Ըստ մեղադրանքի, այս ծրագրի արդյունքում իրացվել է ավելի քան 12 միլիոն լիտր վառելիք, ինչի համար տրամադրված սուբսիդիայի գումարի չափը կազմել է ավելի քան 1 միլիարդ դրամ: Մինչդեռ մատակարարման իրական հնարավորություններ ունեցող «Մաքսհուր» ընկերության առաջարկած գնով նույն քանակը մատակարարելու դեպքում սուբսիդիայի գումարը կկազմեր ընդամենը 846 միլիոն դրամ, այսինքն՝ վատնվել է ավելի քան 423 միլիոն դրամ ավելի վճարված գումարը:

Չիրացված վառելիքի մնացած մասի՝ ավելի քան 5 միլիոն լիտրի համար տրամադրված մոտ 552 միլիոն դրամը, կառավարության որոշմամբ թողնվել է «Ֆլեշ» ընկերությանը՝ 2013 թվականի աշնան գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ պետական աջակցության ծրագիրն իրականացնելու համար: Կառավարության որոշմամբ՝ 2013 թվականի սեպտեմբերի 12-ին Գյուղատնտեսության նախարարության և «Ֆլեշ» ընկերության միջև կնքվել է «Սուբսիդիա տրամադրելու մասին» պայմանագիր, համաձայն որի՝ տրամադրված մոտ 552 միլիոն դրամ սուբսիդիան վերաձևակերպվել է 6 միլիոն 131 հազար 062 լիտր դիզելային վառելիքի համար:

Արդյունքում` ծրագրի իրականացման ընթացքում, 2013 թվականի սեպտեմբերի 12-ից մինչև նոյեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում իրացվել է ավելի քան 3 միլիոն լիտր դիզելային վառելիք, ինչի համար տրամադրված սուբսիդիայի գումարի չափը կազմել է ավելի քան 297 միլոն դրամ: Մինչդեռ մատակարարման իրական հնարավորություններ ունեցող «Մաքսհուր» ընկերության առաջարկած գնով նույն քանակը մատակարարելու դեպքում սուբսիդիայի գումարը կկազմեր ընդամենը 231 միլիոն 240 հազար 170 դրամ, այսինքն՝ փաստացի վճարված սուբսիդիայի գումարից վատնվել է ավելի քան 66 միլիոն դրամ ավելի վճարված գումար: