Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հնարավոր չէր, որ Վահանյանը հրետանային վիրավորում ստանար, ես նրանից 2 մետրի վրա էի». նախկին զինծառայողը հերքեց հրամանատարի ցուցմունքը՝ հավելելով, որ նահանջի հրաման նրանից են ստացել

«Հնարավոր չէր, որ Վահանյանը հրետանային վիրավորում ստանար, ես նրանից 2 մետրի վրա էի». նախկին զինծառայողը հերքեց հրամանատարի ցուցմունքը՝ հավելելով, որ նահանջի հրաման նրանից են ստացել
Իրավունք
17:42, 11 август 2023
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ, շարունակվեց 44-օրյա պատերազմի ընթացքում մարտադաշտը ինքնակամ լքելու և կապի միակ միջոցը իր հետ տանելու համար մեղադրվող հրամանատար Իշխան Վահանյանի գործով դատական հերթական նիստը, որի ընթացքում հարցաքննվեցին գործով տուժողները։

Տուժող Արթուր Հարությունյանը, ով պատերազմի օրերին եղել է ժամկետային զինծառայող, իր ցուցմունքում նշեց, որ շատ բան չի հիշում։ Հիշում է միայն, որ հոկտեմբերի 10-11-ի ընթացքում գտնվել են Հադրութի մոտ գտնվող սարի վրա, երբ թշնամական կողմը հարձակում էր գործում իրենց ուղղությամբ, որի հետևանքով ստիպված են եղել նահանջել։ «Իշխան Վահանյանը ասաց, որ ինքը վիրավոր է, և ինչ-որ մեքենայով հեռացավ։ Ես չեմ տեսել որևէ վերք կամ արյուն իր վրա»,- ասաց վկան։

Վկան նշեց, որ իրենց վաշտի հրամանատարը Հայկազ Գրիգորյանն է եղել, դասակի հրամանատարի անունը վկան չհիշեց՝ նշելով, որ անունը Հովհաննես էր։ Մարտական գործողություններին մասնակցել են պատերազմի մեկնարկի օրից, այդ օրերին Իշխան Վահանյանին չի հանդիպել։ Վահանյանին առաջին անգամ հանդիպել է Հադրութում։ 

Վկան նշեց, որ նահանջի հրաման ստացել են վաշտի հրամանատարի՝ Հայկազ Գրիգորյանի կողմից։ Նահանջել են գիշերով՝ հրամանատարության ուղղորդմամբ։ «Պատերազմի առաջին օրերն էին,  և էդ ժամանակ նահանջը գիշերով էր։ Կոնկրետ մեզ վրա հարձակում չկար, բայց տեսնում էինք, որ մոտենում են մեզ, և նահանջեցինք դեպի քաղաք Հադրութ»,- ասաց Արթուր Հարությունյանը։
Վկան նշեց, որ Հադրութի դպրոցում Վահանյանին հանդիպելիս չի նկատել, որ վերջինս վիրավորված լինի, քայլքի, գործողությունների մեջ փոփոխություն չի նկատել, ինչը կարող էր հուշել, որ Վահանյանը վիրավոր է։ 

Տուժող Հարությունյանն ասաց, որ դպրոցում որոշ ժամանակ մնալուց հետո  նորից բարձրացել են մարտական դիրքեր, բաժանվել են 2 մասի՝ երկուսի ուղղությունն էլ եղել է մոտակա բարձունքը, դիրքավորվել են բարձունքի վրա և սպասել հրամանների։ Դասակի հրամանատարը, ըստ վկայի, մինչ այդ վիրավորում էր ստացել։ Իրենց հետ այդ ժամանակ այդտեղ են եղել Իշխան Վահանյանը, Հայկազ Գրիգորյանը, կապի դասակի հրամանատարը, ինչպես նաև կամավորներ, որոնցից մեկի մականունը Քեռի է եղել։ 
Դիրքավորվելու հրաման, ըստ վկայի, տվել է Իշխան Վահանյանը։ 

Հարությունյանը նշեց նաև, որ կապի միջոցներ ընդհանրապես չեն եղել, իրար գոռալով են փոխանցել հրամանները։

Մարտի սկսվելուց հետո խառնաշփոթ է սկսվել, կոնկրետ հրամաններ հրամանատարությունից վկան չի հիշում, որ ստացած լինեն։
Վկան կասկածելով, սակայն մտաբերեց, որ նահանջի հրաման ստացել են Իշխան Վահանյանից։ «Կոնկրետ ուղղություն չի նշվել, թե ուր են նահանջում, ցույց տալով է ասել՝ այս կողմ ենք նահանջում։ Սկզբից մեզ հետ էր քայլում՝ նահանջելիս, բայց հետո պայթյունից հետո ասաց՝ վիրավոր եմ, չեմ կարող քայլել»,- ասաց Հարությունյանը։

Վկան նշեց, որ պայթյունի ժամանակ մոտ է եղել Վահանյանին։ «Մոտ 2 մետր հեռավորության վրա էի»,- ասաց Հարությունյանը, միաժամանակ ասաց, որ իրենց ուղղությամբ կրակում էին հրազենային զինատեսակներից։ 

Վկան հնարավոր չհամարեց, որ Վահանյանը կարող էր հրետանային կրակից վիրավորում ստանալ։   

Մեղադրող դատախազի դիտարկմանը, թե Իշխան Վահանյանի վիրավորումը՝ ըստ քրեական գործերի նյութերի, եղել է բեկորային, հետևաբար արդյոք վկան բացառո՞ւմ է, որ բեկորային վիրավորումը Վահանյանը կարող էր ստանալ այդ պայմաններում։ Վկան պատասխանեց, որ բացառում է բեկորային վիրավորումը այն պահին, երբ Վահանյանը այդ մասին իրենց ասել է։ «Էդ ասելու ժամանակ ես բացառում եմ, որովհետև ես մոտ էի կանգնած, նաև իմ ընկերներն էին իր մոտ, նրանք ևս վիրավորում կստանային»,- ասաց Հարությունյանը։

Վկան ասաց, որ Իշխան Վահանյանը սկսել է կաղալ այն ժամանակ, երբ հայտարարել է, որ վիրավոր է, իսկ այդ ժամանակ վկան Վահանյանից 2 մետր հեռավորության վրա է եղել։ «Ասեց՝ վիրավոր եմ, վիրավոր եմ, նստեց մեքենա, որը չեմ տեսել, մարդիկ շատ էին, մեքենա նստեց, և հիշում եմ, որ իր հետ այլ զինծառայող նստեց, և միասին գնացին»,- ասաց վկան։ 

Հարությունյանը չի նկատել, որ Վահանյանը իր մոտ եղած կապի միջոցը այլ մարդու փոխանցած լինի։     

«Դրանից հետո շարունակում էինք նահանջել, բայց նենց ստացվեց, որ երկու մասի բաժանվեցինք։ Մի մասը ավելի արագ էր քայլում, իսկ մենք մոտ 90-100 հոգով Հովհաննես Մուրադյանի և  Քեռիի հետ ավելի հետ մնացինք, և այդ ժամանակ Հովհաննես Մուրադյանը կապով խոսում էր ինչ-որ մեկի հետ, տեղյակ չեմ՝ ում հետ, նրան ասացին նահանջել դեպի Հադրութ։ Մենք այդ ժամանակ նահանջում էինք Հադրութից դեպի հարավ, բայց մեզ ասացին՝ շարունակեք դեպի Հադրութ։ Ապա չգիտեմ՝ ում հետ խոսելիս ասացին, որ Հադրութում ինչ-որ զորքեր կան, բայց չգիտենք՝ հայեր են, թե ադրբեջանցիներ, տենց խառնաշփոթ իրավիճակ էր, բայց ի վերջո Հովհաննես Մուրադյանն ու Քեռին որոշեցին, որ գնում ենք դեպի Հադրութ։ Այդ ժամանակ նստեցինք, հաշվեցինք, թե քանի հոգի ենք, ինչպես նշեցի՝ մոտ 90-100 հոգի էինք, և այդ ժամանակ վերևից դեպի մեզ ադրբեջանցիները նորից մոտեցան՝ նռնակներով, հրաձգով, և սկսեցին նորից հարձակվել»,- ասաց վկա Արթուր Հարությունյանը։

Վովա Հակոբյան