Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տեսնում էինք ադրբեջանցիներին, ասում էինք՝ կրակենք, Վահանյանն ասում էր՝ չէ, մեր ռազվեդկեն ա, մի կրակեք. զինվորներին Հադրութում լքած հրամանատարի գործով վկա

Տեսնում էինք ադրբեջանցիներին, ասում էինք՝ կրակենք, Վահանյանն ասում էր՝ չէ, մեր ռազվեդկեն ա, մի կրակեք. զինվորներին Հադրութում լքած հրամանատարի գործով վկա
Իրավունք
15:58, 08 февраль 2023
2020 թ. հոկտեմբերի 10-ին ադրբեջանական զորքերը հարձակում են սկսում Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող Խուռհատ սարի ուղղությամբ։ Այդ ժամանակ սարի վրա դիրքավորված Ջրականի նորակոչիկների 5-րդ գումարտակը, որոնցից շատերը 2 ամսվա ծառայողներ են եղել, տալով կորուստներ՝ նահանջում է։

Սարից իջնելիս զինծառայողները նկատում են, թե ինչպես է գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը նստում մեքենան և հեռանում։

Փետրվարի 7-ին կայացած հերթական դատական նիստի ժամանակ վկա Մստո Մստոյանը նշեց, որ սարից իջնելուց հետո հավաքվել են և որոշել իրենցից աջ գտնվող՝ նույն զորամասի 3-րդ գումարտակին միանալ։ Սակայն, երբ արդեն մոտենալիս են եղել, գումարտակի անձնակազմը կրակ է բացել իրենց ուղղությամբ՝ կարծելով, թե ադրբեջանցիներ են։

Նորակոչիկների անձնակազմը կապի միջոց չի ունեցել, այդ պատճառով էլ չի կարողացել 3-րդ գումարտակի անձնակազմին զգուշացնել իրենց գալու մասին։

Երբ 3-րդ գումարտակը սկսել է կրակել, անձնակազմը, խուճապի մատնվելով, բաժանվել է 2 մասի։ Մի մասը գնացել է կապի դասակի հրամանատար Հովհաննես Մուրադյանի հետ, իսկ գումարտակի մյուս անձնակազմը մնացած սպաներին է միացել։

Մեկ այլ վկայի՝ Կարեն Աբրահամյանի խոսքով՝ Մուրադյանի հետ մոտ 150 հոգի է եղել։ Երբ Հովհաննեսին կրակել են, զորքը ցրվել է։ Վկա Կարեն Աբրահամյանը 8 հոգու հետ թաքնվել է Վանք գյուղի տներից մեկում։

Այդ խմբի հետ գնացած և զոհված զինծառայող Նարեկ Ղազարյանի հայրը՝ Գեղամ Ղազարյանը վկային հարցրեց.

-Որ սարից իջաք, գնացիք դեպի Վանք գյուղ, քանի՞ հոգի էիք։

-Ինը,- պատասխանեց վկան։

-Հետներդ վիրավոր կա՞ր, ովքե՞ր էին։

-Նարեկը, Նարեկ Սիրունյանը, մնացածի անունները չեմ հիշում։ Էդ տան մեջ 9 հոգի ենք եղել։

-Իմ տվյալներով՝ 9-ը չեք եղել, գյուղում շատ եք եղել՝ 32 հոգի։ Ձեր մոտ ցանկություն չառաջացա՞վ՝ գոնե էդ տղերքին հանեք։

-Ո՞վ ա ասում, որ չենք հանել։

-Ո՞ւր եք տարել։

-Տարել ենք «Դուց»-ի զորքի մոտ։

-Փաստորեն, ես ի՞մ տղային չեմ թաղել։

-Ձեր տղան ո՞վ է։

-Նարեկը Ղազարյան։

-Ճանաչում եմ, Ձեր տղան իմ ձեռքերի մեջ ա զոհվել։

Վկան նշեց՝ Նարեկը զոհվել է տանը, հետագայում Նարեկի դին հանել են Վանք գյուղում գտնվող կապույտ դարպասներով տնից։

Այդ տանը մնացել են 1 օր, 9 հոգանոց խումբը չի իմացել, որ գյուղի ուրիշ տներում էլ հայ զինծառայողներ կան։

Զոհված Նարեկի հայրը՝ Գեղամը, հարցրեց վկային՝ հիշո՞ւմ է Նարեկի վերջին խոսքերը։

-Մրսում էր, ասեց՝ մի բանով ծածկի, բուշլատով ծածկել եմ, ջուր ա ուզել, ջուր չի եղել, կոմպոտ ենք տվել։

Նարեկի հայրը փորձում էր ճշտել, թե որո՞նք են եղել որդու վերջին խոսքերը։

-Չի՞ ասել՝ մորս կասեք՝ ես իրան շատ եմ սիրում,- հարցրեց զոհվածի հայրը։

-Ինձ չի ասել, չգիտեմ,- պատասխանեց վկան։

Տեսնում էինք ադրբեջանցիներին, ասում էինք՝ կրակենք, Վահանյանն ասում էր՝ չէ, մեր ռազվեդկեն ա, մի կրակեք. վկա


Գործով մեկ այլ վկա՝ Մստո Մստոյանը, պատերազմը սկսվելու պահին 2 ամիս 3 օրվա ծառայող էր։ 

Վկայի խոսքով՝ Խուռհատ սարի վրա խրամատ չի եղել, 3-4 հոգով ամենքը մի տեղ տեղավորվել էին։ 

«Ես, կարելի ա ասել, եղել եմ բնագծի մեջտեղում։ Առաջին օրը մտածում էինք՝ հարձակում կլինի, թուրքերը բերել, շարել էին տանկերը։ Հաջորդ օրը ցերեկը շարժը նկատեցինք, մեր մոտ նոր սպա էին բերել, փոխգնդապետ էր, ինքը գնաց ամենադիմացը, մի քանի րոպե անց սկսվեց կռիվը։ Մենք տեսնում էինք իրենց, ասում էինք՝ կրակենք, Վահանյանն ասում էր՝ չէ, մեր ռազվեդկեն ա, մի կրակեք, մինչև էն պահը, երբ շատ քիչ էր մնացել՝ մոտ 50 հոգի, որ հասնեն մեզ, էդ ժամանակ մեր կողմից էլ, իրանց կողմից էլ կրակոցներ են եղել, զոհեր ենք ունեցել»,- նշեց նա։

Մստո Մստոյանի խոսքով՝ Վահանյանն ասել է՝ հետ չգնան, այդ ժամանակ իրենց հետ եղել է ՄՈԲ-ից մի լեյտենանտ, որը Վահանյանին ասել է. «Դու ասեցիր, որ ապահով ա լինելու, էրեխեքին բերինք աղացի բերան, քեզ չենք լսելու, էրեխեքին հետ կտանենք։ ՄՈԲ-ին լսելով, որովհետև հրամանատարության կողմից շատ ենք խաբվել, իրար պահելով՝ հետ ենք իջել»,- ասաց վկան։

Ըստ նրա՝ երբ իջել են, իմացել են, որ Վահանյանը գնացել է։ Այդ ժամանակ, վկայի խոսքով, հնարավոր չէր բեկորային վիրավորում ստանալ։

«Ծանր զենք չի եղել, գրանատ էլ չի եղել, որ վիրավորում ստանաս։ Չեմ տեսել, բայց լսել եմ, որ Վահանյանի իջնելու ժամանակ սնայպեր ա աշխատել, կրակել ա, կպել ա ծառին, ծառից ա ինչ-որ վիրավորում ստացել, ոչ թե բեկորից, տենց եմ լսել»։

Վկայի խոսքով՝ սարից իջնելուց հետո քիչ էր մնացել, որ հասնեին Հադրութ, տեսել են, որ խոցված «Ուրալ»-ներ կան, այդ ժամանակ գումարտակի սպաներն իրենց հետ են եղել, իրենք են հրամայել՝ ինչ անել։ Սարից իջած անձնակազմը մոտ 250 հոգի կլիներ։ Որոշվել է նահանջել դեպի Հադրութ։

«Իջնում էինք դեպի Հադրութ, տեսանք, որ շուռ եկած ավտոներ կան, որոշեցինք բարձրանալ 3-րդ գումարտակի մոտ, քիչ էր մնացել, որ հասնեինք, կրակոցներ եղան, մեր զորքը կրակեց՝ իմանալով, որ թուրքերն են, որովհետև արդեն Հադրութում շատ թուրք կար սարերի վրա դիրքավորված, կապի միջոց չկար, որ զգուշացնեինք։

Միաշարասյուն էինք գնում, մի մասն արդեն ուժասպառ էր, հետևից էր գալիս, բաժանվել ենք երկու մասի, մոտ 40-45 հոգի սպաների հետ են մնացել, մնացածը Հարութ Ղարախանյանի ու ՄՈԲ-ից սպայի հետ։ Ով որ սպաների հետ էր, իջել ենք դեպի Հադրութի գյուղ։

Իջանք դեպի գյուղ, էդտեղից Վարդանյանը կապ տվեց Ղարախանյան Հարութին (սերժանտ), ասեց՝ մենք էս ինչ տեղն ենք, եկեք, հասեք մեզ, Հարութն ասաց, որ շրջափակման մեջ են, մեր զորքի մեծ քանակը էդտեղ էր մնացել»,- հայտնեց վկան։

Ըստ Մստոյանի՝ իրենք Հադրութի գյուղերը շրջանցելով գնում էին, երբ իրենցից աջ վեց հոգու են տեսել, սպաները գոռացել են՝ «հա՞յ եք, ասել են՝ այո, այո, հասկացանք, որ թուրքեր են, իրենց կողմ էլ չգնացինք»։


hetq.am