Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մարտունի 2-ում զոհված տղաների ծնողները մեղադրում են գումարտակի հրամանատարին․ ՊՆ-ում հանդիպում է կազմակերպվել բողոքող ծնողների հետ

Մարտունի 2-ում զոհված տղաների ծնողները մեղադրում են գումարտակի հրամանատարին․ ՊՆ-ում հանդիպում է կազմակերպվել բողոքող ծնողների հետ
Հասարակություն
17:22, 10 август 2022
Այսօր՝ օգոստոսի 10-ին, 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայողներից մի քանիսի ծնողները հավաքվել էին ՊՆ շենքի մոտ՝ հանդիպում էին պահանջում իրենց որդիների հրամանատար Պավլիկ Քյարամյանի հետ։ Ծնողների պնդմամբ՝ հենց Պավլիկ Քյարամյանի սխալի հետևանքով են զոհվել իրենց տղաները: «Պավլիկ Քյարամյանը պետք է պարզաբանում տա՝ ինչ հանգամանքներում են զոհվել մեր տղաները, ինչու նահանջի հրաման չի տվել, ում հրամանով է գումարտակը 5-րդ պաշտպանականից հապճեպ տեղափոխվել 2-րդ պաշտպանական և այլն»,- ասում էին նրանք ու նշում, որ իրենց տղաների ընկերներից մեկն էլ՝ Գագիկ Խաչատրյանը, անհետ կորել է՝ ակնկալում են նաև ստանալ պատասխան, թե որտեղ է նա։

«ՊՆ-ից նախորդ անգամ խոստացել էին հարցին լուծում տալ, բայց դեռևս պատասխան չկա։ Քրեական գործ կա հարուցված, պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն ընդունել է մեզ, ասել է՝ հետամուտ կլինենք գործի քննությանը, հարցաքննվել են և Պավլիկ Քյարամյանը, և մի քանի ծնող, բայց կան մարդիկ, որոնց անունները տվել են ծնողները, ու նրանք չեն հարցաքննվել։ Քննիչներն ասում են՝ ծանուցել ենք իրենց հարցաքննության համար, բայց չեն ներկայացել. եթե չեն ներկայանում՝ պետք է բերման ենթարկեն»,- բողոքում էին ծնողները։ 
 
Նրանք հիշեցրին, որ իրենց տղաները՝ 5-րդ գումարտակը, 2020թ. հոկտեմբերի 23-ին տեղափոխվել է Մարտունի-2 զորամասի շրջակայք, հետո բարձունքներից մեկում հոկտեմբերի 30-ին զոհվել են։ Վաշտի հրամանատարը՝ Սուրեն Վահանյանը, հոկտեմբերի 28-ին է զոհվել, և տղաներն իրենց պաշտպանությունն ինքնուրույն են կազմակերպել. «Նրանք չեն ունեցել հրամանատար, նրանց պետք է նահանջ հրաման տային»։

Զոհված զինծառայողների ծնողներն այս պահին մուտք են գործել ՀՀ պաշտպանության նախարարության շենք և ներկայացնում են իրենց հարցերը ՊՆ աշխատակիցներին, ԳՇ ներկայացուցչին։