Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընթանում է 18 զինծառայողի մահվան մեջ մեղադրվող փոխգնդապետ Վերանյանի գործով դատական նիստը

Ընթանում է 18 զինծառայողի մահվան մեջ մեղադրվող փոխգնդապետ Վերանյանի գործով դատական նիստը
Իրավունք
18:02, 09 сентябрь 2022
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Ավան եւ Նոր Նորք նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Դավիթ Հարությունյանի, ընթանում է 44-օրյա պատերազմին Իշխանաձորի խաչմերուկում զոհված 16 զինծառայողի եւ 2 սպաների դեպքի գործով դատական նիստը։ Այս մասին հայտնում է News.am-ը։

Այս գործով մեղադրյալի կարգավիճակում է փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանը։ Նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Այսօրվա դատական նիստին հարցաքննվում է գործով վկան։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի, Վերանյանը 2020-ի հոկտեմբերի 9-ին ստացել է հրաման` զորամասի անձնակազմը Հորադիսի շրջանից տեղափոխել Տիլ գյուղ: Իշխանաձորում լսել են ԱԹՍ-ի ձայն, բայց փոխգնդապետը հրամայել է նստել ավտոմեքենան եւ շարունակել ճանապարհը: 5 րոպե անց ԱԹՍ-ն հարվածել է Ուրալին: Զոհվել է 18 զինծառայող, մեկը ստացել է մարմնական վնասվածքներ:

Զինծառայողները մինչեւ պատերազմի սկսելը ծառայում էին Մեղրիի ու Ագարակի զորամասերում։ Պատերազմի սկսելուն պես տղաներին Արցախ են տարել։ Զինծառայողներից մեկի հայրն իմանալով, որ որդուն տեղափոխում են Արցախ, իր ավտոմեքենայով մեկնել է  որդու մոտ։ Հայրն ականատես է եղել, թե ինչպես են որդին ու ծառայակիցները զոհվում։

Ի սկզբանե դատական նիստը պետք է տեղի ունենար Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, սակայն տուժողների իրավահաջորդներն դատարանին միջնորդել էին նիստերն անցկացնել Երեւանում, քանի որ դժվար է ամեն դատական նիստին ներկա լինելու համար հասնել Սյունիք:

Նշենք, որ Անդրանիկ Վերանյանը 2 ամսով կալանավորված է եղել, պահվել է «Վարդաշեն» քրեակատարողականում, այնուհետեւ նրա խափանման միջոցը փոփոխվել է եւ ստորագրությունը որպես խափանման միջոց ընտրվել։