Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ձորահէկ»-ի գործով Սեյրան Օհանյանի, Ռոբերտ Նազարյանի և մյուս երեք մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է. Գլխավոր դատախազություն

«Ձորահէկ»-ի գործով Սեյրան Օհանյանի, Ռոբերտ Նազարյանի և մյուս երեք մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է. Գլխավոր դատախազություն
Իրավունք
16:55, 14 август 2023
«Հիշում եք, չէ՞, Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող «Ձորահէկ»-ի գործը, որով իբր պարոն Սեյրան Օհանյանը առանձնապես խոշոր չափերի՝ 1.046.400.000 ՀՀ դրամ արժեքի գույքի վատնում էր կատարել և մեղադրվում էր Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասով: Հսկող դատախազ Ա. Մուրադյանի 10.08.2023թ. որոշմամբ պարոն Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է այն հիմքով, որ նա չի կատարել իրեն մեղսագրվող արարքը»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը։ 

Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեցին նաև ՀՀ գլխավոր դատախազության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Իսկ հարցին, թե արդյոք գործում ներգրավված մյուս մեղադրյալների մասով նո՞ւյնպես կա նման որոշում, դատախազությունից պատասխանեցին, որ մյուսների մասով ևս քրեական հետապնդումները դադարեցվել են այն հիմքով, որ նրանք չեն կատարել իրենց մեղսագրվող արարքները։ 

Հիշեցնենք, որ դեռևս 2019-ի մայիսին ՀՀ գլխավոր դատախազությունը  հայտարարեց, որ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից մեծածավալ, համակողմանի ուսումնասիրության է ենթարկվել «Ձորահէկ» ՓԲԸ գույքի օտարման գործընթացը։ Ուսումնասիրության և դրա հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Կառավարության 2001 թ. մայիսի համապատասխան որոշմամբ էներգետիկայի նախարարության «Հայէներգո» ՓԲԸ-ի գույքի կազմից առանձնացված տեղամասի գույքի ներդրմամբ 2 մլրդ 1 մլն 840 հազար դրամ կանոնադրական կապիտալով ստեղծված «Ձորահէկ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի կառավարման լիազորությունները 2002-ի հունվարին Կառավարության որոշմամբ վերապահվել են պաշտպանության նախարարությանը:

Ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ պետական սեփականություն հանդիսացող՝ 2010թ. դրությամբ շուրջ 8 միլիարդ, իսկ 2018 թվականի դրությամբ շուրջ 12 միլիարդ դրամ արժեքով, բարձր եկամտաբերությամբ «Ձորահէկ» ՓԲԸ գույքն օտարվել է ընդամենը 3 մլրդ 600 մլն դրամ արժեքով, ինչով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին՝ առաջացնելով ծանր հետևանքներ։ Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

2021թ. ապրիլի 9-ին, ինչպես ավելի վաղ ծանուցել էր ՀՔԾ-ն, ավարտվել էր «Ձորահէկ»-ի գույքի օտարման քրեական գործից անջատված մասով նախաքննությունը: Մեղադրյալներ Սեյրան Օհանյանին, Ռոբերտ Նազարյանին, Նիկոլայ Գրիգորյանին, Շիրազ Կիրակոսյանին և Մուշեղ Կոշեցյանին վերագրվող առերևույթ հանցագործությունների վերաբերյալ, ըստ ՀՔԾ-ի, ձեռք էր բերվել ապացույցների համակցություն, որը բավարար էր նրանց մասով մեղադրական եզրակացություն կազմելու համար: Այս գործին առնչվում էր նաև Սերժ Սարգսյանի փեսա, Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը, որը համարվում էր հէկ-ի փաստացի սեփականատերը, սակայն, ոչ մի դատավարական կարգավիճակ չուներ սույն քրեական վարույթով։ 

Ընդ որում, ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ քրեական գործի նախաքննության ընթացքում բավարար ապացույցներ էին ձեռք բերվել, որ ՀԾԿՀ նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանի և հանձնաժողովի վերը նշված անդամների գործողությունների պատճառով «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության հիդրոէլեկտրակայանից արտադրված և առաքված էլեկտրական էներգիայի վաճառքի համար 2012-2019 թվականների ընթացքում սահմանվելիք սակագների փոխարեն նույն ժամանակահատվածների համար սահմանվել են կրկնակին գերազանցող սակագներ, որի հետևանքով «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության կողմից ՀՀ-ում էլեկտրաէներգիա սպառող ֆիզիկական և իրավաբանական անձանցից հավելյալ ստացվել է առանձնապես խոշոր չափերի՝ 7,052,065,099 ՀՀ դրամ գումար: 
  
Լիլիթ Թադևոսյան