Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատարանը պարտավորեցրել է Իգոր Խաչատուրովին ներողություն խնդրել Ստյոպա Սաֆարյանից, ինչպես նաև փոխհատուցել 220 հազար դրամ՝ որպես բարոյական վնաս և փաստաբանի վարձատրության գումար

Դատարանը պարտավորեցրել է Իգոր Խաչատուրովին ներողություն խնդրել Ստյոպա Սաֆարյանից, ինչպես նաև փոխհատուցել 220 հազար դրամ՝ որպես բարոյական վնաս և փաստաբանի վարձատրության գումար
Իրավունք
20:10, 16 август 2023
Դատարանը պարտավորեցրել է ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովի որդուն՝ Իգոր Խաչատուրովին, ներողություն խնդրել Հանրային խորհրդի նախկին նախագահ Ստյոպա Սաֆարյանից։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մուրադ Հովակիմյանի նախագահությամբ, մասնակի բավարարել է Սաֆարյանի հայցադիմումն՝ ընդդեմ Իգոր Խաչատուրովի։ 
 
Նշենք, որ Ստյոպա Սաֆարյանի հայցադիմումի համաձայն` վերջինս խնդրել էր դատարանից՝ պարտավորեցնել Խաչատուրովին ներողություն խնդրել իրենից, ինչպես նաև՝ փոխհատուցել պատճառված բարոյական վնասը՝ 500.000 ՀՀ դրամի չափով։ 
 
Հայցադիմում ներկայացնելու հիմք էր հանդիսացել «Իգոր Խաչատուրովի պատասխանը՝ Ստյոպա Սաֆարյանին» վերտառությամբ հրապարակումը։ Խաչատուրովը, պատասխանելով իր հոր՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին ուղղված Սաֆարյանի գրառմանը։
 
Դատաքննության ընթացքում պատասխանող կողմը պնդել էր, որ Իգոր Խաչատուրովի կողմից արված հայտարարությունը՝ որը Սաֆարյանը վիրավորական էր համարել, գնահատողական դատողություն է և պայմանավորված էր հանրային գերակա շահով, քանի որ Իգոր Խաչատուրովի՝ վիճարկվող այդ արտահայտությունը եղել է քաղաքական լարված իրավիճակում՝ հայ-թուրքական հարաբերությունների հիմնահարցերի քննարկումների ֆոնին։ Բացի այդ, Իգոր Խաչատուրովն այդկերպ արձագանքել էր Ստյոպա Սաֆարյանի՝ Յուրի Խաչատուրովի հասցեին արված հայտարարությանը։
 
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մուրադ Հովակիմյանի նախագահությամբ, մասնակի բավարարել է Ստյոպա Սաֆարյանի հայցադիմումը՝ պարտավորեցնելով Իգոր Խաչատուրովին ներողություն խնդրել Սաֆարյանից։ Դատարանը, մասնավորապես, գտել է, որ Իգոր Խաչատուրովի կողմից արված հայտարարությունը գնահատողական դատողություն համարվել չի կարող, առկա են վիրավորանք գնահատելու բոլոր վավերապայմանները, ըստ այդմ` նշված արտահայտությունը վիրավորանք է։ 
 
Ինչ վերաբերում է գումարային պահանջին, ապա դատարանը որոշել է Խաչատուրովից հօգուտ Սաֆարյանի բռնագանձել 120.000 դրամ՝ որպես վիրավորանքի համար փոխհատուցման գումար և 100.000 դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար։
 
Վովա Հակոբյան