Հայկական «ՄեգաԹրեյդ» վառելիքի և էներգետիկայի ընկերությունը նոր համագործակցություն է սկսում Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) առաջատար էներգետիկ ընկերություններից մեկի՝ Emirates Petroleum Company (Emarat)-ի հետ։
Արդյունքում, ֆրանչայզինգի մոդելով, առաջին փուլում Հայաստանի բոլոր մարզերում կբացվի Emarat ապրանքանիշի ներքո գործող մոտ 35 բենզալցակայան։ Դրանք կառաջարկեն բարձրորակ վառելիք և կհամապատասխանեն համաշխարհային չափանիշներին։
Նախատեսվում է, որ ներդրումների ծավալը կկազմի $35-40 միլիոն։ Յուրաքանչյուր կայանում կստեղծվի 20-22 նոր աշխատատեղ։
Ընկերությունների միջև ռազմավարական համագործակցության հուշագիրը ստորագրվել է Երևանի քաղաքապետի, ԱՄԷ-ի դեսպանի, ինչպես նաև երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների և առաջատար գործարարների ներկայությամբ։
Հիշեցնենք, որ նախկինում հայկական շուկայում հայտնվել էին նաև Shell և Gulf համաշխարհային ճանաչում ունեցող ապրանքանիշերի բենզալցակայաններ։