Պապոյանը մասնակցել է Հայաստան-Ֆրանսիա առևտրաարդյունաբերական պալատի հայաստանյան մասնաճյուղի բացմանը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մասնակցել է Հայաստան-Ֆրանսիա առևտրաարդյունաբերական պալատի (CCIFA) հայաստանյան մասնաճյուղի բացման արարողությանը։ Այդ մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:


 

«Առևտրաարդյունաբերական պալատի ներկայությունը Հայաստանում նոր հնարավորություններ կբացի ֆրանսիական կապիտալի ներգրավման, համատեղ ձեռնարկությունների ստեղծման և Հայաստանում արտադրված ապրանքների՝ ֆրանսիական ու եվրոպական շուկաներ մուտք գործելու համար»,- նշել է Գևորգ Պապոյանը:


 


Նախարարը վստահություն է հայտնել, որ պալատը կդառնա հարթակ, որտեղ հանդիպելու են նոր գաղափարներ, նոր նախաձեռնություններ և՛ հայկական, և՛ ֆրանսիական ընկերությունների համար։



CCIFA-ն արդեն ավելի քան 30 տարի ծառայում է որպես տնտեսական երկխոսության և ռազմավարական համագործակցության հարթակ Հայաստանի և Ֆրանսիայի միջև։ Առևտրաարդյունաբերական պալատի գործունեության նպատակն է աջակցել երկկողմ ներդրումների խթանմանը, մրցունակ ճյուղերի զարգացմանն ու Հայաստանի և Ֆրանսիայի միջև կայուն և երկարաժամկետ տնտեսական գործընկերությանը։


 

Միջոցառմանը մասնակցել են Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը, գործարար շրջանակների և դիվանագիտական համայնքի այլ ներկայացուցիչներ։

Միջոցառումն անց է կացվել «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ում՝ ի նշանավորումն հայ-ֆրանսիական բարեկամության։


 

CCIFA-ի բացմանը նախորդել է Գևորգ Պապոյանի շրջայցը գործարանի թանգարանում, որի ընթացքում գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանը ներկայացրել է գործարանի պատմությունն ու արտադրանքը։