Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ տեղի է ունեցել առաջին ոլորտային հանդիպում-քննարկումը՝ ոսկերչության ոլորտի ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Ոլորտային հանդիպումների շարքը Կոմիտեի նոր նախաձեռնություններից է, որի առանցքում ՊԵԿ-տնտեսավարող երկխոսությունն է՝ քննարկելու համապատասխան ոլորտում առկա հարկային վարչարարական խնդիրները և կարգավորման ենթակա հարցերը։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ֆինանսների և ՀՀ էկոնոմիկայի նախարարությունների ներկայացուցիչները, ՊԵԿ նախագահի տեղակալները, ՊԵԿ ստորաբաժանումների ղեկավարներն ու ոսկերչության ոլորտի ներկայացուցիչները։
ՊԵԿ նախագահն անդրադառնալով հանրային քննարկումներին՝ կարևորել է հատկապես ոլորտային հանդիպումները և գործընկերային համագործակցությունը՝ բաց ու թափանցիկ քննարկումների համատեքստում։
Մասնավորապես, անդրադարձել են ոլորտում արդյունավետ հարկային վարաչարարության իրականացմանը, ինչպես նաև հարկերի հաշվարկման, փաստաթղթավորման և ստվերի կրճատման հետ կապված հարցերին։ Միաժամանակ քննարկվել են ոլորտի առանձնահատկությունները, ներքին և արտաքին մրցակցային առավելությունները, օրենսդրական կարգավորումները։
Հանդիպման ընթացքում ոլորտի ներկայացուցիչները բարձրացրել են գործունեության ընթացքում առաջացած խնդիրները, որոնց շուրջ ծավալվել են ակտիվ քննարկումներ։ Ոսկերչության ոլորտը ներկայացնողները հանդես են եկել նաև կառուցողական առաջարկներով։
Ամփոփելով քննարկումը՝ ՊԵԿ նախագահն ընդգծել է ոլորտում առկա խնդիրների կարգավորման հիմնական ուղղությունները և նշել, որ Կոմիտեի կողմից կիրականացվեն համապատասխան աշխատանքներ։
Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակական երկխոսության և արդյունավետ համագործակցության ուղղությամբ։