Այս տարվա ձմռան ամիսների համար կազմվել է ձանմաքրման և սանմաքրման աշխատանքների գործողությունների պլանը, բոլոր պատասխանատու կառույցները իրազեկված են: Այս մասին Երևանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանին է զեկուցել քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը:
«Ռեսուրսների բաշխում է իրականացվել: Այս պահի դրությամբ ներգրավված 241 միավոր տեխնիկա կա, որից 216 ԵԱՍՄ հիմնարկի տարբեր տրամաչափերի տեխնիկան է, 25-ը՝ ԿՇՄՊ ՀՈԱԿ-ի: Մարդկային ռեսուրսներից 614 բանվորական ուժ կա, որից 339 ԵԱՍՄ հիմնարկի աշխատակիցներն են, 275-ը՝ ԿՇՄՊ ՀՈԱԿ-ի: Ռեսուրսների բաշխման մասին իրազեկված են վարչական շրջանների ղեկավարները, տեղում աշխատանքների կազմակերպման վերահսկման ողջ պատասխանատվությունն իրենցն է»,-նշել է նա:
Արեյանն ընգծել է, որ այս պահի դրությամբ առկա ռեսուրսները բավարար չափով պատրաստ են, սակայն մի խնդիր կա, որին քաղաքը մշտապես բախվում է․ «Դա Երևանի ավագանու 2009 թվականի «Պարտադիր բարեկարգման կանոնների մասին» ավագանու որոշման կանոնների պահպանման խնդիրն է տնտեսվարող բոլոր սուբյեկտների կողմից: Ըստ որոշման՝ բոլորը պարտավոր են նաև ձմռան ամիսներին մաքրելու իրենց կցված սպասարկման տարածքը՝ մայթեր, հարակից տարածքներ, և մշտապես, ձմռան նախապատրաստական աշխատանքների համատեքստում, վարչական շրջանի ղեկավարները պետք է ծանուցեին այդ տնտեսվարողներին իրենց պարտականությունը կատարելու համար: Մտահոգությունն այն է, որ այս պահի դրությամբ, վարչական շրջաններից վերցրած ինֆորմացիայի համաձայն՝ 9,088 տնտեսվարողներից ծանուցում ստացել են 4,156-ը»,-պարզաբանել է Արեյանը։