Քոչարյանի «կույր աղիքը»․ «Հայամետը» զեղչեցին ռուսամետ «Ուժեղ Հայաստան»-ով

Արդեն հայտնել ենք, որ ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանի անվան հետ կապվող քաղաքական ուժը, որը պետական գրանցում էր ստացել «Հայամետ» բարձրագոչ անունով, նախորդ տարեվերջին համագումար է հրավիրել ու փոխել անունը։ Հայտնի դարձավ, որ անվանափոխված «Հայամետ»-ն այլևս կոչվելու է «Ուժեղ Հայաստան»։ Թե ինչն է եղել նման որոշման պատճառը՝ կուսակցության ղեկավար, «ձևիստ» Ալեքսան Ալեքսանյանը չէր հայտնել՝ առիթ տալով ազատ ոճի ենթադրությունների։ Արդ, անենք մեր ենթադրությունը՝ քանի որ սույն քաղաքական ուժը ուղիղ, հորիզոնական ու հնարավոր բոլոր դիրքերով ասոցացվում է օտար պետության՝ Ռուսաստանի հետ, այդ կուսակցության առաջնորդն էլ մինչև ուղնուծուծը ռուսամետ է, հետևապես ընտրարշավի ժամանակ լեգիտիմ հարց էր ծագելու՝ արդյոք կարո՞ղ է ռուսամետը համատեղությամբ լինել նաև հայամետ։ Հազիվ թե։  Կարապետյանի քաղաքական ամբիցիաները սպասարկող  PR  կոնտորայում  հասկացել են՝ հնարավոր չի լինելու խուսափել նման դիտարկումից, «ձև չկա», որ «հայամետ»-ի պատմուճան հագնել ու ռուսամետ խաղեր տալ, հետևապես պետք է  վազն անցնել հասարակությանը ավանակի, եթե կուզեք՝ «խորը անասունի» տեղ դնելու գայթակղությունից ու հանդես գալ ստանդարտ,  տրաֆարետային անվան ներքո՝ «Ուժեղ Հայաստան»։

 

Հիշեցնենք՝ նախկին կոռումպացված ու պետական հյուծված ինստիտուտներով  ռեժիմի օրոք համապետական ընտրությունները տեղի էին ունենում «ուժեղ Հայաստան» (2021-ին էլ Քոչարյանն էլ նման կարգախոսով խաբում), «ապահով Հայաստան», «կայուն Հայաստան», «անվտանգ Հայաստան» և այլ՝ խրոխտ էպիտետներով բնութագրված «Հայաստան»-ների խոստումների ներքո։ Նկատենք, սակայն, որ բոլոր այդ հայաստանները որեւէ կապ չունեին իրական, հողեղեն Հայաստանի հետ։