Ալիևը մեկ ամիս է՝ ցուցադրաբար չի ընդունում ԱՄՆ նոր դեսպանի հավատարմագիրը. Բաքուն «հանկարծ կգիտակցի՞», որ կարող է կորցնել ամեն ինչ. «Թուրան»
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Նախօրեին Ադրբեջանի ղեկավարն ընդունել է երեք՝ Պերուի, Լյուքսեմբուրգի և Ճապոնիայի դեսպանների հավատարմագրերը։ Ի տարբերություն Ճապոնիայի՝ Պերուն և Լյուքսեմբուրգը Ադրբեջանի համար դժվար է անվանել կարևոր երկրներ։ Այս մասին գրում է «Թուրանը»:
Միևնույն ժամանակ Ալիևը ցուցադրաբար անտեսում է Ադրբեջան ժամանած և արդեն մեկ ամիս Բաքվում գտնվող ԱՄՆ նոր դեսպան Մարկ Լիբիին։
Ըստ երևույթին, պաշտոնական Բաքուն չի կարողանում ներել Պետդեպարտամենտի դեմարշը, որը հայտարարել է Բաքվի հետ համագործակցությունից հրաժարվելու մասին՝ մինչև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը, և Ազատության աջակցության մասին օրենքի 907-րդ փոփոխության ուժի մեջ մտնելը, որն արգելում է Ադրբեջանին պետական օգնության ցուցաբերումը:
Այսպիսի վերաբերմունքով ինչի է ուզում հասնել պաշտոնական Բաքուն Վաշինգտոնից՝ դժվար է ասել։ Սակայն, իմանալով երկրի ղեկավարության խառնվածքն ու տրամադրությունները, դժվար չէ կռահել, որ Պետդեպի գործողություններն ընկալվել են որպես անձնական վիրավորանք։ Որքան ժամանակ կպահանջվի, որպեսզի այս տրամադրությունները փոխվեն, դժվար է կռահել։ Սակայն պատմության մեջ արդեն եղել է դեպք, երբ Բաքուն Արևմուտքի հանդեպ իր կոշտ բացասական վերաբերմունքը արագ փոխարինել է հաշտեցմամբ և նույնիսկ օգնություն խնդրել։ Դա 2008 թվականի օգոստոսին էր, երբ Ռուսաստանը ագրեսիա իրականացրեց Վրաստանի դեմ և ռմբակոծեց Բաքու-Ջեյհան նավթամուղը։ Միաժամանակ Թուրքիայում քրդերը պայթեցրին այդ նավթամուղը։ Հենց այդ ժամանակ Բաքուն «հանկարծ գիտակցեց», որ կարող է կորցնել ամեն ինչ՝ առանց «ատելի» Արևմուտքի աջակցության։ Բայց, ըստ երևույթին, հիմա Բաքուն որոշել է, որ եթե ինչ-որ բան պատահի, Լյուքսեմբուրգը նրան մեծ աջակցություն կտրամադրի։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ղեկավարությունը Բաքու ժամանելուց անմիջապես հետո ընդունել է ԱՄՆ բոլոր նախկին դեսպաններին՝ ԱՄՆ-ին անվանելով «ռազմավարական գործընկեր», առանց որի աջակցության Ադրբեջանի էներգետիկ նախագծերն անհնարին կլինեին։